Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հյուրընկալեց հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով աղջիկների ֆուտզալի մրցաշարի հաղթող Մանկավարժական համալսարանի հավաքականին:
Ռեկտորը շնորհավորեց մարզուհիներին՝ ուրախությամբ նկատելով, որ յուրաքանչյուր հաղթանակից հետո հանդիպումները դարձել են ավանդական, ապա խոստացավ, որ հաղթանակած թիմն առաջիկա մարզումները կանցկացնի բուհի Աղավնաձորի ուսումնական բազայում ստեղծվելիք բնական խոտածածկ ունեցող դաշտում:
Մեկ անգամ ևս ընդգծելով համալսարանական սպորտի կարևորությունը՝ Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց՝ այն բուհը, որտեղ սպորտն ու ֆիզիկական դաստիարկությունը լավ հիմքի վրա են, շահում է նաև ուսումնական գործընթացում.դրանք օգնում և լրացնում են միմյանց.«Ձեր հաջողությունը մեծ ոգևորություն է առաջացանում ուսանողների շրջանում.շարունակեք թիմային համալրումը, իսկ մոտ ապագայում հնարավորություն կստեղծվի մարզական կարողությունները փորձել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի թիմի հետ պայքարում»:
Հանդիպմանը ներկա էր նաև բուհի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանը, ով, չթաքցնելով հպարտությունն ու ոգևորությունը, ընդգծեց՝ յուրաքանաչյուր հաղթանակի հիմքում քրտնաջան աշխատանքն ու մեծ նվիրումն է.«Արդեն երկրորդ տարին է ֆուտբոլը մեզ հաղթանակ է բերում. դա ևս մեկ անգամ վկայում է այն ազնիվ վերաբերմունքի մասին, որ տածում եք ձեր սիրած սպորտաձևի հանդեպ: Հաղթանակն արժևորվում է, իսկ դա ձեռք են բերում համախմբվածության շնորհիվ»,-նշեց գրոսմայստերն ու հորդորեց՝ նոր հաղթանակներով շարունակել ուրախացնել մարզասերներին, ոգևորել բուհի մյուս ուսանողներին, իսկ համալսարանին հպարտանալու նոր առիթ տալ»:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող Գրետա Գրիգորյանն արդեն 4 տարի աղջիկների ֆուտբոլի թիմի հավաքականի ավագն է: Համալսարան ընդունվելուն պես ֆուտբոլով զբաղվող Գրետան չի թաքցնում՝ թեպետ առաջին հաղթանակի բերկրանքն այլ է, սակայն կրկնակի հաղթանակն առավել սպասված էր.չափազանց կարևոր էր պահպանել հաղթողի տիտղոսը.«Չնայած մրցում էինք ուժեղագույններից մեկի՝ Վանաձորի մանկավարժականի համալսարանի թիմի հետ, սակայն հաղթեցինք համախմբվածության և հստակ մարտավարության շնորհիվ»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց մարզուհին:
Բարսեղյան Ելենան էլ թիմի նորեկներից է. ապագա լրագրողին դժվար է եղել համոզել տանը, որպեսզի զբաղվի ֆուտբոլով: Երկարատև բանակցությունների արդյունքում, սակայն, Ելենան այսօր հանդես է գալիս ֆուտբոլի ուժեղագույն հավաքականում որպես հարձակվող: Վստահեցնում է՝ թիմային պայքարը շարունակելու են և ընդլայնելու աշխարհագրական սահմանները: