Մանկավարժական համալսարանում շարունակվում են հայազգի անվանի պրոֆեսորների մասնակցությամբ հանրային դասախոսությունները.այդ շրջանակներում Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը ներկայացրեց «Մտորումներ Հայաստանի Առաջին Հանրապետության մասին» թեմայով դասախոսությունը:
Հանրահռչակ պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը նախ պատմեց հայերենին տիրապետելու իր ջանքերի, նպատակների ու դրանց իրականացման մասին.«Երբ ավարտեցի Կալիֆորնիայի պետական համալսարանը, որևէ համալսարան չկար, որն ունենար հայագիտական ամբիոն կամ դասավանդեին հայագիտական առարկաներ: Ուսուցչի կոչում ստացա ու որոշեցի աշխատելու փոխարեն նախ հայերեն սովորել: Նավով ճամփորդեցի դեպի հայաշատ Բեյրութ, առաջին այցելությունն էլ նպատակային էր՝ վարժարան, ուր ծանոթացա Սիմոն Վրացյանի հետ»,-դասախոսների և ուսանողների հետ անկեղծ զրույցի ընթացքում նշեց պրոֆեսորը:
Անդրադառնալով դասախոսությանը՝ բանախոսը խոսեց Թիֆլիսում ստեղծված Հայոց ազգային խորհրդի մասին, և թե ինչպես հայության մայրաքաղաք դարձած Թիֆլիսից հայերը վերադարձան այն ժամանակվա փոքրիկ ու փոշոտ գյուղաքաղաք Երևան՝ այդ փոքր տարածքը հռչակելով մայրաքաղաք:
Ռիչարդ Հովհաննիսյանը նկատեց՝ հերոսական սերունդ էր, որ թողնելով իր ապահով կյանքը Թիֆլիսում, Երևանում սկսեց ինչ-որ բան ստեղծել ոչնչից.«Աննկարագրելի ծանր պայմաններում, հարյուր հազարավոր գաղթականների առկայությամբ, վարչապետ Հովհաննես Քաջազնունին փորձում էր Երևանի մեջ հիմնել պետություն ցարական և հայ չինովնիկների հետ բանակցելով»:
Պատմաբանի կարծիքով, եթե Արևմուտքը իր խոստումը կատարեր, պիտի ստեղծվեր միացյալ Հայաստան՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանի միացումով:
Ռիչարդ Հովհաննիսյանը հանգամանորեն խոսեց նաև ստեղծված իրավիճակի, պատճառների ու հետևանքների, ինչպես նաև տարվող քաղաքականության մասին: Համեմատական զուգահեռներ անցկացնելով 1990-ականների Հայաստանի հետ, երբ կար մշակույթ, գրագիտություն, ակադեմիա, հաստատություններ, նկատեց՝ 1918 թվականին ոչինչ չկար.«Ինչով էինք մեղավոր՝ չեմ կարող ասել: Դժբախտաբար հայերիս միակ հույսը՝ միացյալ ազգային պետականությունը կախված էր արևմուտքից, որը բարյացակամ էր մեր հանդեպ խոսքով և նպաստ ուղարկելով, բայց ոչ քաղաքականությամբ: Խոստումները չիրականացվեցին տարբեր պատճառներով»,-հավելեց բանախոսը:
Հանդիպումն ավարտվեց մեր պատմության այդ շրջանի որոշ խնդրահարույց հարցերի շուրջ հարց ու պատասխանով: