ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի և ԱՄՆ-ի Մինեսոտա համալսարանի համագործակցության մեկնարկն ամփոփվեց բուհի ռեկտորի և ամերիկյան գործընկերների հանդիպմամբ:
Ռուբեն Միրզախանյանն անդրադարձավ մեր երկրի հնագույն պատմությանն ու մշակույթին և հույս հայտնեց, որ պատմական և գեղատեսիլ վայրերով հարուստ Հայաստան այցելելու ցանկություն հյուրերը կրկին կունենան:
Ռեկտորը նշեց, որ մեծ հույսեր է կապում երկու բուհերի համագործակցության հետ` ընդգծելով, որ ի թիվս եվրոպական և ռուսական մի շարք առաջատար բուհերի, ՀՊՄՀ-ն համագործակցում է նաև ԱՄՆ-ի Կոնեկտիկուտի համալսարանի հետ. «Հայտնի է, որ ամերիկյան համալսարանական կրթությունը համարվում է լավագույնը ողջ աշխարհում: Սովորելու շատ բան ունենք, սակայն համագործակցությունը կտա ցանկալի արդյունքն եթե հաշվի առնենք տեղական կրթական համակարգի իրողությունն ու ավանդույթները»:
Ռուբեն Միրզախանյանը հավելեց, որ մի շարք մասնագիտությունների մենաշնորհը Մանկավարժական համալսարանինն է և ուրախ կլինի հատուկ կրթության ոլորտից բացի, երկկողմանի համագործակցություն ծավալել նաև այլ մասնագիտացումների ուղղությամբ` ներկայացնելով հատկապես շախմատի դասավանդման, վերջերս դրանցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ներառելու, արհեստական բյուրեղներ աճեցնելու և այլ ոլորտներում ՀՊՄՀ-ի փորձը:
ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի պատվիրակության անդամները նույնպես ընդգծեցին ՀՊՄՀ-ի հետ համագործակցության կարևորությունը`ցանկություն հայտնելով, որպեսզի այն լինի երկարաժամկետ. մեկ շաբաթվա ընթացքում հասցրել են հիանալ բուհով, շատ բան են տեսել, սովորել:
Հյուրերը նաև չթաքցրին իրենց հիացմունքը հայ գործընկերների վերաբերյալ` նկատելով, որ հատուկ կրթության ոլորտի հայ մասնագետները նույնքան փորձառու են և բանիմաց, չկան լեզվական խոչընդոտներ, նկատելի է նաև այն սրտացավությունը, որը կա ոլորտի և հատուկ կրթության կարիքներ ունեցեղների նկատմամբ. «Մենք այստեղ ենք որպես փորձագետներ, սակայն համոզվեցինք, որ հայ մասնագետներն էլ նույնքան փորձառու են. վստահ ենք` համագործակցությունը կլինի հավասարը հավասարին»,-հավելեց Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Ռենատա Տիչան:
«Հատուկ կրթության ոլորտի մասնագետներ պատրաստելու մենաշնորհն ավելի քան պարտավորեցնող է, և այդ պատասխանատու գործում մեզ աջակիցներ են պետք: Մեր օգնականն առաջին հերթին Մանկավարժական համալսարանի ղեկավարությունն է, առհասարակ` ողջ բուհը, ինչի շնորհիվ անընդհատ ունենք մեզ առաջ մղող ուժեր»,-նշեց Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը:
Կարևորելով ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերը՝ վերջինս նկատեց, որ օգնությունները լինում են տարբեր, իսկ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը գեղեցիկ և օգտակար գաղափարները ոչ միայն ֆինանսավորում է, այլ կանգնում է ծրագրի կողքին, շարունակաբար աջակցում ու ուղղորդում:
Արմինե Ավագյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և վստահեցրեց, որ այս ամենն անելու նպատակը բոլորիս համար մեկն է՝ բոլոր երեխաների համար ապահովել լիարժեք կրթություն:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը փոխանցեց երկրի, համալսարանի հյուրընկալության, պրոֆեսորադասախոսական կազմի պատրաստվածության վերաբերյալ հյուրերի հիացմունքը և հույս հայտնեց, որ ներկայումս դրվող ամուր հիմքերը կշարունակվեն, քանի որ ներառականության համընդհանուր գործընթացում հիմնադրամը կարևորում է մանկավարժների դերը և բաց է համագործակցության համար. փորձեր եղել են, սակայն արդյունքն առավել հաջող է, երբ դիմացինը մեկ քայլ ավելի առաջ է տեսնում:
Ռեկտորը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանին համագործակցությունը հնարավոր դարձնելու և արդյունավետ աշխատանքի համար:
Հանդիպման ավարտին հյուրերը երկուստեք փոխանակվեցին հուշանվերներով: