Այսօր ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հյուրընկալել էր բուհի վոլեյբոլի աղջիկների հավաքականին. թիմը վերջերս մասնակցել էր Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի «Ռեկտորի գավաթ» առաջնությանը և նվաճել բուհի գավաթը:
Կարևորելով սպորտում ունեցած հաջողությունները՝ բուհի ղեկավարը շնորհավորեց հաղթանակած թիմի մասնակիցներին՝ մանրամասնելով առաջիկա անելիքները:
Ռուբեն Միրզախանյանը վոլեյբոլի աղջիկների հավաքականին հորդորեց պարապել և գրանցել նոր հաղթանակներ՝ նկատելով, որ առաջիկայում փոխադարձ հրավերով Հայաստան կժամանեն ինչպես Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի, այնպես էլ համագործակից այլ բուհերի թիմերը:
«Չնայած հավաքականում ընդգրկված են տարբեր կուրսերի և մասնագիտությունների ուսանողներ, սակայն նրանց միավորում է սերը մարզաձևի և հարազատ բուհի հանդեպ, ինչը կրկնապատկում է հաղթանակելու հավանականությունը»,- նշեց հավաքականի մարզիչ Զառա Պետրոսյանը:
ՀՊՄՀ-ի աղջիկների վոլեյբոլի հավաքականի ավագ Ամինա Առաքելյանն էլ հավելեց՝ չնայած առկա լարվածությանն ու հուզմունքին՝ կոլեկտիվ ոգին միշտ օգնում է առավել ինտենսիվ պարապել և ձեռք բերել դժվարին, բայց սպասված հաղթանակները:
Թիմի ավագը նկատեց նաև, որ մասնակցությունը Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում անցկացված «Ռեկտորի գավաթ» առաջնությանը յուրահատուկ փորձառություն էր, ինչն օգնում է լավ արդյունքներ գրանցել նաև ներկայումս ընթացող միջբուհական խաղերին:
Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի վոլեյբոլի աղջիկների հավաքականը վերջերս Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի «Ռեկտորի գավաթ» առաջնությունում գրանցած հաջողությունների շնորհիվ հայտնվել էր եզրափակչում:
Եզրափակիչ վճռորոշ խաղում աբովյանականները մրցելով ՄՊՄՀ-ի Կենսաբանության և քիմիայի ֆակուլտետի թիմի հետ և գրանցելով 3:2 հաշիվը՝ նվաճեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի գավաթը:
Ռեկտորը հրաժեշտ տվեց ուսանողներին՝ նրանց հանձնելով բուհի պատմությունն ու ժամանակագրությունը ներկայացնող նկարազարդ ալբոմն ու այլ հուշանվերներ: