«Հայաստանը դեռևս 18-րդ դարից եղել է ռուս պոետների ուշադրության կենտրոնում.մեր երկրի մասին գրել են, երգել, ոգեշնչվել ու իրենց սերն են արտահայտել արվեստի և գրականության դասականները: Հայաստանի այս ծանր ժամանակներում արժե մեկ անգամ ևս խոսել ու վերհիշել այն անկեղծ ու սրտաբուխ խոսքերը, որ ասվել ու գրվել է մեր մասին»,-ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի Ռուսաց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթին նշեցին բուհի ուսանողները:
Բուլատ Օկուջավա, Սերգեյ Գորոդեցկի, Վալերի Բրյուսով, Օսիպ Մանդելշտամ, Վասիլի Դատչենկո, Միխայիլ Մատուսովսկ, Վերա Զվյագինցևա և տաղանդավոր այլ պոետների բանաստեղծությունները ներկայացվեցին «Ռուս պոետները Հայաստանի մասին» խորագրով միջոցառմանը:
Ի դեպ, օրերս Մոսկվայի տունը համանուն խորագրով կազմակերպել էր մրցույթ, որտեղ մրցանակային տեղեր զբաղեցրին նաև ՀՊՄՀ-ի ուսանողներ Սիրուշո Հովհաննիսյանն ու Ռիմա Հովհանյանը:
Ռուս պոետներից շատերը եղել են Հայաստանում, ապրել ու ստեղծագործել են՝ ոգեշնչվելով մեր երկրից:
20-րդ դարի մեծագույն էսեիստ, քննադատ Օսիպ Մանդելշտամը ևս բացառություն չէր. «Ճամփորդություն Հայաստանով» ստեղծագործությունում խոստովանում է՝ միայն հայկական հնադարյան մշակութային միջավայրը զգալուց հետո կարող է գալ ստեղծագործական լեթարգիան:
«Ով եղել է Հայաստանում, միշտ նրա հետ է», «Հայաստան՝ իմ կյանքի սերը». սրանք սոսկ խոսքեր չեն, այլ Հայաստանի, հայ ժողովրդի պատմությունն իմացող ու արժեքները գնահատող մտավորականների խոսքեր են:
«Եվրոպան հիշում է հայերին միայն այն ժամանակ, երբ պետք է լինում փրկել ցեղասպանվելու վտանգից: Այնինչ, հաշվի առնելով դարեր շարունակ նրանց ստեղծած համամարդկային արժեքը, հայերին պետք է հիշի ամբողջ աշխարհը՝ միշտ»,-իրենց ելույթում նշեցին ուսանողները՝ մեջբերելով ռուս գրող Մաքսիմ Գորկուն:
Կիթառ, դուդուկ, քամանչա.միջոցառման ընթացքում հնչեցին Սայաթ-Նովայի, Կոմիտասի հայտնի ստեղծագործությունները՝ մեկ անգամ ևս վերահաստատելով հայ ժողովրդի համամարդկային և պատմական նշանակությունը:
«Հայաստանը և հայ ժողովուրդը շատ են տառապել, բայց միշտ վերածնվել են: Սա այն երկիրն է, որը հնարավոր չէ չսիրել»,- միջոցառման ավարտին նշեց Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանն ու մասնակիցներին հանձնեց հավաստագրեր և գրքեր:
Միջոցառմանը ներկա էին նաև Ստավրոպոլի պետական մանկավարժական ինստիտուտի ներկայացուցիչները, որոնք բարձր գահատեցին հայ և ռուս ժողովուրդների երկարամյա բարեկամությունը հաստատող ձեռնարկի կազմակերպումը: