ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ռուսաց լեզվի և գրականության դպրոցական դասավանդման նոր մոտեցումներ»
27.10.2022
«Ռուսաց լեզվի և գրականության դպրոցական դասավանդման նոր մոտեցումներ»

Մանկավարժական համալսարանում շարունակվում են ՀՊՄՀ-ի և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՌԴ) համատեղ նախաձեռնությամբ անցկացվող «Ռուսաց լեզվի և գրականության դպրոցական դասավանդման նոր մոտեցումներ» խորագրով որակավորման բարձրացման դասընթացները։


ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներին զուգահեռ, Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի պատվիրակության ներկայացուցիչները վերապատրաստում են նաև ՀՊՄՀ-ի Օտար լեզուների, ինչպես նաև Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի մի շարք մասնագիտությունների գծով դասախոսների, մագիստրոսների։

Հոկտեմբերի 24-28-ն անցկացվող որակավորման բարձրացման դասընթացների շրջանակում Օտար լեզուների ֆակուլտետի գրականագետների, լեզվաբան ռուսագետների համար վերապատրաստման դասընթաց վարեց նաև Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի Հայրենական և համաշխարհային գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Օլգա Ստրաժկովան։

Վերջինս ներկայացրեց ռուս գրականության ուսուցման մեթոդները՝ բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների օրինակով։

Ծրագրի կարևորության մասին old.aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց նաև Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։ Լինելով վերապատրաստող դասախոս՝ նկատում է՝ նորույթը ոչ այնքան մեթոդների, որքան բովանդակության մեջ է։ Ռուսաստանյան բուհի դասախոսները քաջատեղյակ են ներկայացվող նյութի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի պատմության աղբյուրագիտական և պատմագրական շերտերին։

«4-օրյա վերապատրաստումների ծրագիրը հետաքրքիր է, բազմաբովանդակ և կարևոր»,- վստահեցնում է Միջազգային համագործակցության բաժին մասնագետ Սոնա Սարաջյանն ու հավելում՝ ցանկացողները դասընթացներին կարող են միանալ նաև առցանց ձևաչափով:

Նշենք, որ «Ռուսաց լեզվի և գրականության դպրոցական դասավանդման նոր մոտեցումներ» խորագրով որակավորման բարձրացման դասընթացներն անցկացվում են տեսական և գործնական ձևաչափով։

Ներկայացվում են լեզվաբանական և գրականագիտական մեթոդաբանության կիրառման տեսական հիմքերը, յուրահատկությունները, հեռանկարները, յուրացվող գիտելիքի սխեմատիկ պատկերման տարբերակների ձևավորումը։

Դասընթացների շնորհիվ գործնականում հնարավոր կլինի կիրառել ռուսաց լեզվի և գրականության դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաները, խոսքի մշակույթի ձևավորման մեթոդներն ու միջոցները, կատարել դասաժամերի սխեմատիկ պլանավորում, լեզվաբանական և գրականագիտական վերլուծության արդիական մեթոդաբանության կիրառում և այլն։