Կերպարվեստ, երաժշտություն, գրականություն, լուսանկարչական արվեստ և դրանց սինթեզը․ Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրված 200 ստեղծագործությունների միջոցով լուսանկարիչ Սամվել Սևադան այսօր ներկայացրեց իր «մուսաները», դրանց դերն ու նշանակությունը մարդու կյանքում։
Հանդիպմանը ներկա էին ինչպես ՀՊՄՀ-ի գեղարվեստական լուսանկարչություն բաժնի ուսանողները, այնպես էլ կրտսեր սերնդի ներկայացուցիչներ՝ Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաները։
Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դոցենտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի անհատական աշխատանքների՝ «Լույս ստվերների մեջ» խորագիրը կրող գեղարվեստական լուսանկարների ցուցադրությունն օրերս է բացվել։
Շառլ Ազնավուր, Հրանտ Մաթևոսյան, մեծանուն այլ դեմքերից մինչև հասարակ գյուղացի․ Սամվել Սևադայի լուսանկարների հերոսներից յուրաքանյուրն իր ներաշխարհում է, իր բնավորությամբ և տրամադրությամբ պատմելով օրվա ու պահին մասին։
Պատահական չէ՝ ժանրային բազմազանությամբ՝ բնանկար, դիմանկար, նատյուրմորտ և իրադրային լուսանկարներ, աչքի ընկնող նկարների մասին զրույցը Սամվել Սևադան սկսեց համանուն նկարից՝ «Զրույց»։
Լուսանկարիչը ցավով է նշում ՝ տեխնոլոգիական դարաշրջանում կենդանի շփումը նվազել է․ իր արվեստի շուրջ համախմբելով է փորձում լրացնել այդ բացը։
Սամվել Սևադան հենց սկզբում հորդորեց՝ մնան նրանք, ովքեր հետաքրքրված են արվեստով․ «բացակա հայացքով» չարժե դիտել լուսանկարները։
«Տեսախցիկի գերի չեմ․ ճիշտ հակառակը։ Այն իմ ձեռքում սոսկ գործիք է, որի միջոցով փորձում եմ պահել գեղարվեստական մակարդակը։ Իմ աշխատանքները կյանքից են վերցված․ դրանց մեջ կան արդեն դասական գործեր, որոնք նաև ուսուցողական են։ Երբ հոգնում եմ լուսանկարելուց, ձեռքս եմ վերցնում վրձինը, եթե հնարավոր չէ նկարել, ապա բանաստեղծություններ եմ գրում»,-նշում է Սամվել Սևադան և հավելում՝ 24 ժամ արվեստում է, բայց հասցնում է իր հմտությունները փոխանցել ուսանողներին, որ նրանք էլ արվեստի տեսանկյունից զգան աշխարհի ու կյանքի գեղեցկությունը։
Հայաստանի նկարիչների միությունում կայացած «զրույցը» ջերմ էր և հետաքրքրական․ ներկաները մեծ բավականություն ստացան՝ դիտելով Սամվել Սևադայի վերջին տարիների աշխատանքներն ու դրանց ստեղծման պատմությունը։
Արվեստասերներն ու ապագա արվեստագետներն իրենց հուզող հարցերն ուղղեցին վաստակավոր գործչին։
Նշենք, որ «Լույս ստվերների մեջ» խորագիրը կրող գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում կտևի մինչև ապրիլի 10-ը, ապա կցուցադրվի հանրապետության մի շարք մարզերում։