ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հոգեբանության գույներ. hոգեդրամա» խորագրով գործնական սեմինար:
Այն վարում էր ՌԴ Հանրային կառավարման և ժողովրդական տնտեսության ակադեմիայի Ակմեոլոգիայի և մասնագիտական գործունեության հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Նատալյա Պաևսկայան:
Սեմինարի մասնակիցները ծանոթացան մի շարք հոգեդրամատիկ վարժությունների, որոնք կիրառվում են խմբային հոգեբանական աշխատանքների ընթացքում և ուղղված են խմբային մտածողության զարգացմանը:
Սեմինարին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ինչպես ուսանողները, այնպես էլ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը, Որակի վարչության գլխավոր մասնագետ Աննա Հախումյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Մելքումյանը:
Հատկանշանական է այն հանգամանքը, որ Նատալյա Պաեվսկայան 2015 թվականին մասնակցել է ՀՊՄՀ Աղավնաձորի «Ամառային դպրոց 2015» ծրագրին, որից հետո արդեն երկրորդ անգամ սեմինարով հանդես է գալիս Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում:
Հանդիպումների կազմակերպման շարունակականության նման սկզբունքը նպաստում է միջազգային համագործակցության ընդլայնմանն ու փորձի փոխանակմանը:
Հանդիպման ավարտին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի՝ գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ Սոնա Մակիչյանը, հյուրերը և ուսանողները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր և ակտիվ գործնական սեմինարի կազմակերպման և անցկացման համար: