Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհում մեկնարկեց թրեյնինգների և սեմինարների շարք:
Սեմինարի առաջին թեման «Ազգայնականություն-պահպանողականություն»-ն էր, բանախոսը` Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը:
Պատմաբանն իր ելույթում անդրադարձավ «ազգայնականություն» եզրույթին, դրույթներին, սկզբունքներին, գաղափարախոսությանը՝ ընդգծելով դրա կարևոր դերակատարումը հասարակական-քաղաքական կյանքում:
Տարանջատելով ազգայնականությունը ազգայնամոլությունից՝ Էդգար Հովհաննիսյանը նկատեց՝ ազգային գիտակցությունը հիմնված է պատմական հիշողության, մշակութային ավանդույթների վրա, այնինչ 21-րդ դարում՝ գլոբալիստական և ծայրահեղ լիբերալիզմի ժամանակաշրջանում, համահարթեցնող քաղաքականություն է տարվում, ինչը կարող է բերել ազգային ինքնության տարրալուծման, կորստի.«Ուսանողը լսարանից դուրս լսելու, հասկանալու, կողմնորոշվելու կարիք ունի.գուցե վերջին պարտությունն է ստիպել նրան կարևորել ինքնաճանաչումը, վերհանել թերություններն ու առավելությունները, որի մասին թշնամին ավելի շատ գիտեր: Մեր օրերում չափազանց կարևոր է ձևավորել բանիմաց, գիտակից, ազգային էթնախորքի վրա կառուցված ինքնություն, որպեսզի դրսից փչող հոսանքները, բախվելով դրան, կորչեն կամ շեղեն իրենց ուղղությունը: Մեր ինքնաճանաչումը` մեր պատմության, առասպելների, էպոսների, հեքիաթների մեջ է»:
Բանախոսը հիշեց չինական հայտնի իմաստությունը՝ երբ փչում է քամին, հարկավոր է ոչ միայն վրան կառուցել, այլև` հողմաղաց. մեզ խիստ զարգացած, ինքնակրթված, ազգային սկզբունքներն առաջնահերթ դասող սերունդ է պետք, որ չենթարկվի տարատեսակ մանիպուլյացիաների և լինի ազգային ժառանգության կրողը:
Ծավալվեց բանավեճ, եղավ թեմայի վերաբերյալ շահագրգիռ քննարկում: