Օրերս ՀՊՄՀ-ի Բանսիրական ֆակուլտետում «Ընտանեկան կյանքի և սոցիալական հոգեբանություն» դասընթացի շրջանակներում անցկացվեց միջառարկայական սեմինար-քննարկում՝ «Սերը արվեստում և հոգեբանության մեջ» թեմայով:
Ֆակուլտետի Հայոց լեզու և գրականություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողները հոգեբանության դասախոս Ասյա Կաթունյանի հետ միասին փորձեցին ցույց տալ մարդկությանը հուզող սիրո դրսևորումները արվեստում՝ դրանց տալով գիտական, հոգեբանական բացատրություններ:
Ուսանողները բաժանվել էին երկու խմբի. «Գիտական խումբը» ուսանողների շրջանում իրականացրել էր հոգեբանական հարցումներ և թեստեր, որոնց արդյունքները համադրվել էին հայտնի տեսությունների դրույթների հետ:
Նրանք ներկայացրին սիրո մասին գիտական փաստեր, հայտնի հոգեբանների մեկնաբանություններ: «Գեղարվեստական խումբը» ներկայացրեց գրական ստեղծագործություններից հատվածներ, ընթերցվեցին հայ և ռուս հեղինակների բանաստեղծություններ:
Լսարանը վերածվել էր ուսանողների աշխատանքների պատկերասրահի. հնչում էր դասական երաժշտություն, ուսանողների ելույթներն ուղեկցվում էին թեմային համահունչ տեսանյութերի ցուցադրությամբ:
Նպատակ ունենալով ցույց տալ սիրո անձնային դրսևորումները՝ ուսանողները կատարեցին սիրո մասին երգեր (Մ․ Հայկանուշը) և հեղինակային բանաստեղծություններ (Պ. Անի):
Սեմինարի շրջանակներում ուսանողները կարողացան տարբերակել սիրո՝ մարդկային բարձրագույն զգացմունքի առանձնահատկությունները և արվեստում դրա դրսևորման յուրահատկությունները, կատարեցին հետաքրքիր եզրահանգումներ:
«Ուսանողներն աշխատել են ոգևորված և իրենց հավաստմամբ` կրկին բացահայտել են սերը»-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Ասյա Կաթունյանը, իսկ Բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ Սուսաննա Ղարիբյանն էլ հավելեց՝ նման սեմինարները շատ օգտակար են տարբեր մասնագիտացմամբ սովորող ուսանողների գիտական մտահորիզոնը լայնացնելու տեսանկյունից և լավ նվեր՝ տարեմուտի շեմին: