ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Շախմատ»՝ նոր մասնագիտություն Մանկավարժականում
23.05.2017
«Շախմատ»՝ նոր մասնագիտություն Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում 2017-2018 ուսումնական տարուց կներդրվի նոր մասնագիտություն՝ «Շախմատ», ուր ընդունվելու համար դիմորդները քննություն պետք է հանձնեն 2 առարկայից՝ միասնական քննություն՝ Հայոց լեզու և գրականություն (գրավոր) կամ Մաթեմատիկա (գրավոր), և դպրոցի ավարտական քննության գնահատական՝ Մաթեմատիկա (գրավոր) կամ Հայոց լեզու և գրականություն (գրավոր) առարկաներից:

2012-2013 ուստարուց շախմատ առարկան ուսուցանվում էր Սկզբնական կրթության ֆակուլտետում. ՀՊՄՀ-ի և Հայաստանի շախմատի ակադեմիայի միջև համագործակցության արդյունքում Մանկավարժական համալսարանը տվեց ուսուցիչների առաջին սերունդը, որոնք հաջողությամբ սկսեցին դասավանդել շախմատ առարկան Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարաններում:

Ներկայումս շախմատ դասավանդող ուսուցիչները վերապատրաստման շնորհիվ են առարկայի դասավանդման իրավունք ստացել. մի մասը ոչ շախմատային կրթությամբ մանկավարժներ են, մի մասն էլ՝ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի համապատասխան բաժնի շրջանավարտները, որոնք չունեն մանկավարժական կրթություն:

Առաջացած խնդիրը լուծելու համար անհրաժեշտություն առաջացավ ստեղծել բակալավրիատի քառամյա կրթական ծրագրով բաժին՝ շախմատի ուսուցիչների գրագետ սերունդ ունենալու համար:

Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանն old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ նորաստեղծ մասնագիտության ուսումնական պլանը մշակելիս հաշվի են առնվել տեղական և ռուսական բուհերի առարկայացանկն ու փորձը. «Մեր ուսումնական պլանը հնարավորինս հագեցած ու զարգացած է, քանի որ դրանում մեկտեղված է առաջատարների հաջող փորձը»:

Սամվել Միսակյանի կարծիքով՝ ցանկալի կլիներ, որ բաժնի շրջանավարտների որակավորումը լիներ դասվար-շախմատի ուսուցիչ, քանի որ դասվարները շատ լավ են տիրապետում այդ տարիքային խմբի դասավանդելու հմտություններին և հավելեց՝ բուհի ղեկավարությունն արել է հնարավորը, որ շախմատի ապագա մանկավարժներին դասավանդեն ՀՊՄՀ-ի առաջատար դասախոսները: