ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շարունակվում են Erasmus+ PROVE նախագծի աշխատանքները
28.07.2025
Շարունակվում են Erasmus+ PROVE նախագծի աշխատանքները

2025թ. հուլիսի 25-ին Էրազմուս+ «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասի բուհերում» (PROVE) նախագծի շրջանակում տեղի ունեցավ աշխատանքային խումբ 2-ի հերթական հանդիպումը, որի շրջանակում մշակվելու է «Արժեքների և գիտելիքի վրա հիմնված կրթություն խաղաղության և համագործակցության համար» դասընթացը։

ՀՊՄՀ-ից աշխատանքային խմբի փորձագետ է աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Նախորդ հանդիպումների արդյունքում արդեն հստակեցվել էին դասընթացի հիմնական բովանդակային ուղղությունները, իսկ յուրաքանչյուր գործընկեր համալսարանին հանձնարարվել էր մշակել որոշակի թեմա։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին կատարված աշխատանքների ընթացքը և համատեղ քննարկեցին հետագա քայլերը։

Մինչև 2025 թվականի օգոստոսի 20-ը յուրաքանչյուր համալսարան պետք է ներկայացնի տվյալ դասընթացի առարկայական նկարագիրը, ակադեմիական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ներգրավված ֆակուլտետները։

Նախագծի տևողությունը երեք տարի է, որի նպատակն է ներդնել արժեքահեն կրթական մոտեցումներ Հարավային Կովկասի տարածաշրջանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ծրագրի համակարգողն է Վրաստանի Թելավիի պետական համալսարանը, ՀՀ գործընկերները` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն ու Երևանի պետական համալսարանը։ Եվրոպական գործընկերներ՝ Զալցբուրգի Արժեքների և գիտելիքի կրթության ասոցիացիան Ավստրիայի Լինցի Թեմի մասնավոր մանկավարժական համալսարանը և Հունաստանի Արևմտյան Մակեդոնիայի համալսարանը։ Ծրագրի մյուս գործընկերներն են Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանը և Կովկասի համալսարան: