ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհակալագիր՝ նվիրատվության համար 
31.08.2022
Շնորհակալագիր՝ նվիրատվության համար 

Օրերս Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ղեկավարությունը ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին  հանձնեց  շնորհակալագիր։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թանգարանն ավերվել էր․ անհետացել էին իրենց առանձնահատկություններով աչքի ընկնող բարձրարվեստ նմուշներ։

ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի  մի շարք դասախոսներ սիրով արձագանքել են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրենության խնդրանքին՝ իրենց ստեղծագործությունները նվիրաբերել վերաբացվող թանգարանին։ Վերաբացումը նախատեսված է սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանակերտում։

«Ձեր նվիրատվությունները յուրօրինակ արտահայտություն են Արցախի ապագայի հանդեպ շահագրգիռ և սրտացավ վերաբերմունքի։

Այն մեծապես կնպաստի  ոչ միայն թանգարանի վերածնմանը, այլև ապագա սերուդների գեղագիտական ճաշակի զարգացմանն ու դաստիրակությանը, փլատակներից վերածնվող Արցախի հոգևոր ու մշակութային առողջ միջավայրի կերտմանը»,- նշված է շնորհակալագրում։ 

Հիշեցնենք, որ 2021 թվականին  Ստեփանակերտի կենտրոնում գործող պատկերասրահին ևս  իրենց ստեղծագործություններն էին նվիրաբերել  ֆակուլտետի  10 դասախոս։