ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Շնորհաշատ շրջանավարտներ»․ցուցահանդեսների շարք ՀՊՄՀ-ում
05.04.2022
«Շնորհաշատ շրջանավարտներ»․ցուցահանդեսների շարք ՀՊՄՀ-ում

Հայաստանի գեղատեսիլ բնության և դրա հանդեպ իր սերը գեղանկարներում պատկերող նկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսով ՀՊՄՀ-ում մեկնարկեց «Շնորհաշատ շրջանավարտներ» խորագիրը կրող ցուցահանդեսների շարքը։

Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Հարությունյանն արվեստասերներին առավել հայտնի է որպես Արմեն Լոռենց։

Ցուցադրությանը ներկայացված էին հեղինակի վերջին երկու տարիների ստեղծագործությունները․հայոց բնաշխարհը պատկերող լուսավոր, գունեղ, լավատեսությամբ ու արվեստով լի շուրջ 20 աշխատանք։

Արմեն Հարությունյանը 25 տարի միայն ակտիվ մանկավարժական գործունեություն է ծավալել, հեղինակել գեղարվեստական մանկավարժության, կրթության հիմնախնդիրներին նվիրված մի շարք ձեռնարկներ, որոնք, ի դեպ, ևս ներկայացված էին։

Գեղանկարչության մեջ իմպրեսիոնիզմն իր համար որպես ուղղություն առանձնացնող նկարիչը վստահ է՝ բնանկարը հայրենաճանաչության և դաստիարակության հրաշալի դպրոց է։

10-ից ավել անհատական ցուցահանդես ունեցած Արմեն Հարությունյանը խոստովանում է՝ առաջին անգամ է այսչափ հուզված․ ուսանողական, ասպիրանտական և աշխատանքային կյանքի շուրջ 30 տարին անցկացրել է այս պատերի ներսում։

Մանկավարժական համալսարանում է նաև իր համար բացահայտել գիտության և արվեստի միջև անքակտելի կապը․մինչ օրս էլ առաջնորդվում է «գիտության մեջ արվեստ, արվեստի մեջ՝ գիտություն» սկզբունքով։ Խոստովանում է՝ երկրատև դադարից հետո որոշեց կրկին ձեռքը վերցնել վրձինը․ առանց նկարչության չէր պատկերացնում իր հետագա կյանքը։

«Փառահեղ նկարիչ և գիտության ոլորտի կարկառուն ներկայացուցիչ»,-Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն այսպես ներկայացրեց Արմեն Հարությունյանին։

Նկատում է՝ համաշխարհային պատմության մեջ արվեստի և գիտության զուգորդման բազմաթիվ օրինակներ կան։

Ֆակուլտետի դեկանը պատահական չհամարեց, որ Մանկավարժականի հիմնադրման 100-ամյակին նվիրված առաջին ցուցադրությանը ներկայացված են Արմեն Լոռենցի աշխատանքները․ «Հայաշունչ ստեղծագործություներն այսօր քիչ հանդիպող երևույթ են մեզանում»,-նշեց պրոֆեսոր Արա Հակոբյանը։

Կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանն էլ խոստովանում է՝ արվեստագետին ճանաչելու համար նախ հետաքրքրվում է նրա ակունքներով, ապա՝ ինչպես է սկսել ստեղծագործական ուղին․«Լոռվա արմատներն ու ցուցադրությանը ներկայացված նկարչի առաջին մատիտաներկերը վկայում են՝ Արմեն Հարությունյանին ստեղծագործելու շնորհն ի վերուստ է տրված»։

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Միքայելյանն էլ հավելում է՝ արվեստի հիմնական խնդիրը գեղեցիկի բացահայտումն ու ներկայացումն է, իսկ 18-րդ դարից գեղեցիկն ամենուր էր․«Մեզանում ընդունված է տարանջատել բնական գիտություններն ու արվեստի ոլորտը։ Այնինչ, անհրաժեշտ է այդ երկուսի հաշտեցումը։ Արմեն Հարությունյանը լուրջ մանկավարժ լինելուց զատ, նաև ունի նկարչական արվեստի հարուստ կենսափորձ, իսկ նրա գործերում առկա է այդ երկուսի համակցումը»,-հավելեց գիտնականը։

Նշենք, որ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ցուցասրահում մեկնարկած «Շնորհաշատ շրջանավարտներ» խորագիրը կրող ցուցահանդեսը շարունակական կլինի։