Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ բարեգործական համերգ-միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:
Կատարումներով հանդես եկան Երևանի արվեստի պետական քոլեջի, Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի, «Խենթություն» համույթի սաները, «Նոր ալիք» մանկական մրցույթի հայաստանյան մասնակիցները, հեռուստատեսային նախագծերի մասնակիցներ:
Համերգը նախաձեռնել և կազմակերպել էր ՀՊՄՀ-ի Հեռուստալրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Արթուր Գասպարյանը. գեղարվեստական ղեկավարը Երևանի մշակույթի պետական քոլեջի դասախոս Նատալի Քարամյանն էր, իսկ հանդիսավարները՝ հեռուստալրագրության բաժնի ուսանողներ Անժելա Շահումյանն ու Գուրգեն Ալեքյանը:
Համերգի ընթացքում հնչեցին կանանց նվիրված` տարբեր ժանրերի երգեր:
«Կարծում եմ համերգը ծառայեց իր նպատակին.այն լի էր ջերմությամբ, իսկ համերգից հետո հնչած շնորհակալական խոսքերը, մասնավորապես՝ համերգին ներկա զինվորների մայրերի կողմից, կարևորագույն գնահատականն էին ինձ համար»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Գասպարյանը: