ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհավորեցին մեկդարյա հոբելյանը
02.11.2022
Շնորհավորեցին մեկդարյա հոբելյանը

«Կրթությունն ազգի դեմքն է, իսկ Մանկավարժական համալսարանը 100-ամյա այն դարբնոցը, որը բազմադարյա հայ դպրոցին հաղորդում է ժամանակի շունչը։ Այն պետք է հավերժ ապրի՝ ուսուցման ուղին հարթելու համար», -այսպես ՀՊՄՀ 57 հիմնական դպրոցի սաները շնորհավորեցին բուհի հոբելյանը՝ կառույցի հիմնադրումը համարելով խոշոր իրադարձություն մանկավարժական հանրության համար։

4ա և 4բ դասարանի աշակերտները պատահական չհամարեցին, որ բուհը կրում է Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը․ հայ ականավոր մանկավարժի համար մանուկներին կրթելն աշխարհիս երեսին ամեն բան է, իսկ ազգի պահողը, իրար հետ միացնողը՝ լեզուն ու հավատը։

Տոնական ձեռնարկին «ներկա» Խաչատուր Աբովյանը հայրենասիրության և հերոսության դաս տվեց՝ սովորեցնելով ճանաչել ժողովրդին, սիրել նրա նիստուկացը, հիանալ նրա իմաստությամբ ու կենսունակությամբ:

Աշակերտները հպարտորեն նշեցին՝ դպրոցը, որ գործում է բուհի կազմում, պահպանում է համալսարանի ստեղծած ավանդույթները, և իր արժեքները փոխանցում կրտսեր սերնդին՝ դարձնելով նրա արժանի զավակը։

Միջոցառումն ուղեկցվեց փորքիկ երգչախմբի կատարումներով և բեմադրությամբ։

«Ծնունդդ շնորհավո′ր, մեր համալսարան։ Մենք հավատում ենք քեզ, քո անսպառ լույսին, անվերջ ընթացքին: Մենք գալիս ենք քեզ ընդառաջ և քո հետևից»,- միջոցառման ավարտին նշեցին ուսուցչական կազմի ներկայացուցիչներն ու հավելեցին՝ լուսավորիր մեր ճանապարհը, դարձիր մշտնջենական լույս` նվիրյալ ուսուցիչների, ապագայի աչքերով նայող փոքրիկների համար։