ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շրջանավարտների նոր սերունդ․․․
01.07.2025
Շրջանավարտների նոր սերունդ․․․

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր ավարտական գերազանցության վկայականներ հանձնեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, ինչպես նաև Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետների բակալավրիատի և մասգիստրատուրայի շրջանավարտներին։

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետն այս տարի ավարտում է 306, իսկ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը՝ 131 ուսանող, նրանցից 127-ը՝ կարմիր դիպլոմով։

Ռեկտորն իր շնորհավորական խոսքում ընդգծեց ֆակուլտետների կարևոր դերը ոչ միայն բուհի, այլև մեր երկրի կյանքում․ այս մասնագետների գործունեությամբ են պայմանավորված հոգեբանամանկավարժական ոլորտում կադրերի պատրաստման, որակական կարողությունների իրացման և ամենակարևոր առաքելության՝ մարդու հոգեկանի փոխներգործման մի շարք մեխանիզմների ձևավորումը։

Պրոֆեսոր Գևորգյանը նկատեց՝ այս ֆակուլտետներում են ձևավորվում մասնագետներ, որոոնց գործունեության սուբյեկտը մարդն է, անհատականությունը, նրա հոգեկան ռեսուրսի վերականգնումն անհրաժեշտ պայմաններում, ուղղորդումը, աջակցությունը։

Սրբուհի Գևորգյանը խոսեց մասնագիտության մարտահրավերների, շրջանավարտների՝ դեռ նոր սկսվող առաքելության մասին․ խորհուրդ տվեց հետագա գործունեության ընթացքում պատվով և հպարտորեն կրել բուհի անունը։

Ռեկտորը հիշատակեց նաև ոլորտների անհատականություններին, որոնց գործունեությամբ պայմանավորված են եղել մասնագիտական կարևոր զարգացումներ․ աբովյանականներին էլ խորհուրդ տվեց մասնագիտական և անձնային աճի համատեսքտում գտնել մանկության սուբյեկտի հետ աշխատելու նոր մեթոդներ, մոտեցումներ, նվաճումներ, որոնք համոզված է՝ կլինեն բուհի պատմության լավագույն էջերը։

Ուսանողներին բուհն ավարտելու առթիվ շնորհավորեց նաև Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանը։ Կյանքի կարևորագույն փուլում մաղթեց պահպանել միասնականությունը․ բուհն ավարտում է սերունդ, որը կրթությունը անխոչընդոտ շարունակեց համավարակի և պատերազմի տարիներին․«Այդ միասնականությունը թող նպաստի այն ձեռքբերումներին, որն ունեցել եք Մանկավարժական համալսարանում որակյալ կրթություն ստանալիս։ Արժանապատիվ ապագա և մեծ ձեռքբերումներ եմ մաղթում, որոնք կկիրառեք հանուն նոր հաղթանակների և ի բարօրություն մեր երկրի»։

Կյանքի կարևորագույն փուլի առթիվ շրջանավարտներին բարեմաղթանքներ հղեց նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանն ու հիշեցրեց՝ այսուհետ ստանձնելու են էլ ավելի կարևոր առաքելություն։

Նա հորդորեց մեծագույն պատասախանատվությամբ վերաբերվել ստացած կրթությանն ու պատվով կրել աբովյանականի կոչումը։