ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեց Աղվան Հովսեփյանը
14.07.2016
Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեց Աղվան Հովսեփյանը

«Չոր է տեսությունը, բարեկամս, բայց կյանքի ծառը փարթամորեն աճում է…Ձեր պայծառ ժպիտները վկայում են՝ գիտակցում եք, որ ինչ-որ բանի հասել եք»,-նշեց Իրավագիտության մանկավարժության որակավորման քննությունների, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովեսփյանը Պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագետ-շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողության ժամանակ:

Աղվան Հովսեփյանը շնորհավորեց շրջանավարտներին, մաղթեց հաջողություններ և հորդորեց ստացած գիտելիքներն ու ունակությունները ծառայեցնել ժողովրդին ու հայրենիքին:

Բակալավրի առկա 118 (23 գերազանց), հեռակա 96 և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 56(12 գերազանց) շրջանավարտներին շնորհավորեց և բարի երթ մաղթեց նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ վստահեցնելով՝ բուհն իր հետագա գործունեության ընթացքում անելու է ամեն ինչ, որ շրջանավարտները հպարտանան ՀՊՄՀ-ն ավարտելու համար. «Հաջողության հասնելու համար երկուստեք ջանքեր են հարկավոր: Այդ հաջողությամբ է պայմանավորված մեր ազգի ապագան. Մանկավարժական համալսարանի շրջանավարտը ապագայի դպրոցն է, իսկ դպրոցի լավ ապագան՝ ազգի հաջողության գրավականը»:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանն էլ, միանալով օրվա առթիվ հնչած շնորհավորանքներին և մաղթանքներին, հավելեց՝ դիպլոմը վկայում է, որ ուսումնառության ընթացքում ստացել եք բազում գիտելիքներ. «Ծառայեցրեք այդ գիտելիքները ոչ միայն ի նպաստ անձնական հաջողությունների, այլև ժողովրդի և հայրենքի:

Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարությանն օբյեկտիվ քննություններ կազմակերպելու, իսկ պրոֆեսորադասախոսական կազմին՝ գիտելիքներ փոխանցելու և մասնագիտական անհրաժեշտ հատկանիշներ սերմանելու համար: Վերջիններս խոստանում են՝ մասնագիտության մեջ լինել նույնքան օբյեկտիվ և բարձր պահել հարազատ կրթօջախի բարի համբավն ու անունը: