Գեղարվեստական կրթության ֆակուլտետը շարունակում է «Շնորհաշատ շրջանավարտներ» խորագրով ցուցահանդեսների շարքը՝ նվիրված Մանկավարժական համալսարանի 100-ամյակին։
Այս անգամ ֆակուլտետի ցուցասրահում բացվեց Ստեփանավանում գործող NonnaArt Studio-ի հիմնադիր, բուհի շրջանավարտ Նոննա Դավթյանի և նրա սաների աշխատանքների ցուցահանդեսը։
Բազմամարդ և թեմատիկ բազմազանությամբ աչքի ընկնող ցուցադրությանը ներկայացված էր 6-18 տարեկան սաների շուրջ 50 աշխատանք ՝գունանկար և գծանկար։
Ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը, որը նաև դասավանդել է Նոննան Դավթյանին, ընդգծում է՝ լավագույն ուսանողներից էր, որի սաների ազգային ոգով և, միաժամանակ, անկեղծությամբ լի աշխատանքներով միայն պետք հիանալ։
Արա Հակոբյանն ընդգծեց նաև ավելի բարձր տարիքային խմբում ստեղծագործողների պրոֆեսիոնալիզմն ու ակադեմիական մոտեցումը՝ հավելելով, որ արվեստը կյանքում ամենագեղեցիկն է․ «Ձեր մանկավարժական հմտությունները և ստեղծագործական գործունեությունը պատանիների մոտ հարստացնում են գեղարվեստական զարգացման գործոնը։ Ձեր սաներից շատերն արդեն արվեստի կայացման ճանապարհին են․ սովորում են հանրապետության մի շարք մասնագիտական ուսումնական հաստատություններում, պարբերաբար մասնակցում հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Սա մանկավարժի կարևոր առաքելությունն է»,-շնորհավորելով ցուցահանդեսի առթիվ՝ նշեց Արա Հակոբյանն ու մաղթեց երկար տարիների անխոնջ աշխատանք՝ ի նպաստ երիտասարդ սերնդի և հայ մշակույթի։
Նոննա Դավթյանի սաների աշխատանքը բարձր գնահատեց նաև Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի դոցենտ Սաթենիկ Մելիքյանը՝ կարևորելով միևնույն հարթակում տարիքային տարբեր խմբերի ստեղծագործողների աշխատանքների ցուցադրությունը։
Երիտասարդ արվեստագետ-մանկավարժ Նոննա Դավթյանը, որը մագիստրատուրան ավարտել է 2010 թվականին, բուհում սովորելու տարիները կյանքի լավագույն շրջանն է համարում։
Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո երիտասարդ ստեղծագործողները շրջեցին ֆակուլտետում․ արվեստի դպրոցի սաները եղան քանդակի և խեցեգործության արվեստանոցներում, որտեղ հնարավորություն ունեցան ծեփել հետաքրքիր պատկերներ, ծանոթանալ ուսանողների աշխատանքներին:
Ի դեպ, ցուցադրությանը ներկա էին նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչները։ Արա Հակոբյանը դիմելով կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին նշեց՝ «Կերպարվեստ» մասնագիտության չափորոշչի նախնական գնահատման ժամանակ խոսում էինք նոր մեթոդների մասին․ «Սա է մեր արդյունքը՝ սաներ, որոնք կարողանում են ունենալ սեփական դպրոցն ու կրթել մատաղ սերնդին»։