Արդեն երկրորդ տարին է, որ Սուրբ Սարգսի տոնակատարությունների շրջանակում կազմակերպվում են ստեղծագործական բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթներ:
Այս տարվա երրորդ ցուցահանդեսը տեղի ունեցավ Մանկավարժական համալսարանում. ներկայացված էին բուհի ուսանողների՝ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով 30-ից ավելի բազմաժանր աշխատանքներ՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա, գոբելեն, բատիկա և այլն:
Ցուցահանդեսը բացվեց Տերունական աղոթքով, այնուհետև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը, խոսելով ձեռնարկի անցկացման հիմնական նպատակի մասին, ընդգծեց՝ այն տոնի մասին իրազեկելու և դրան հաղորդակից դարձնելու լավագույն ձևերից է:
«Մասնակիցները, նախապես ծանոթանալով և սերտելով Ս. Սարգիս խորհուրդն ու պատմությունը, կարողանում են իրենց գիտելիքներն ու զգացումները կտավի, քանդակի կամ ստեղծագործական որևէ այլ ձևի վերածել ու ներկայացնել հանրությանը»,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանն ու փոխանցեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը:
Տեր Եսայի Արթենյանը մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր և նկատեց՝ ներկայացված յուրաքանչյուր աշխատանք Աստվածային սիրո բացահայտնումն ու խորհուրդն է կրում, ինչպես և մենք, որ Ս. Սարգիս խորհրդի շրջանակում հատուկ ընդգծում ու կարևորում ենք աստվածային այն սերը, որը մեզ առաջնորդում է ապրելու և արարելու ստեղծագործ կյանքով:
«Ոսանողները կարողացել են մոտենալ թեմային և ստեղծել ինքնատիպ ստեղծագործություններ: Մենք պետք է կարողանանք ներկայացնել թեմայի ճիշտ իմաստն ու այն հասցնել ուսանողներին, որպեսզի երիտասարդությունը ընկալի այն, ինչպես մեզ փոխանցել է պատմությունը»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստի ամբիոնի վարիչ Ֆարաոն Միրզոյանն ու հավելեց՝ այս տարի ներկայացված աշխատանքներում ակնհայտ է՝ թեման ավելի ընկալելի է դարձել ուսանողներին:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Զարուհի Խաչատրյանը ցուցահանդեսին ներկայացրած գեղանկարում սիրո ուժը պատկերել է կնոջ տեսքով. «Նման ցուցահանդեսները շատ կարևոր են ուսանողների համար. ինքնադրսևորման մի ձև է, ինչպես նաև ստեղծագործությունները հասարակության լայն շերտերին ներկայացնելու լավ հնարավորություն»,- նշեց ուսանողուհին:
Ցուցահանդեսը մրցութային է. լավագույն աշխատանքների հեղինակները թեմի կողմից կարժանանան դրամական պարգևների, իսկ առաջիկայում կբացվի Ս. Սարգսի տոնին նվիրված ևս մեկ ցուցահանդես: