ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները
31.03.2022
Քննարկվեցին սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները

«100 տարի շարունակ Մակավարժական համալսարանը, մասնավորապես` Սկզբանական կրթության ֆակուլտետը, որը համալսարանի տարեկիցն է, պատրաստում է մանկավարժներ՝ նպաստելով մեր հասարակության զարգացմանը, ժողովրդի գոյատևմանն ու անվտանգությանը: Ֆակուլտետը, հանրապետությունում նախադպրոցական հաստատությունների և տարրական դպրոցի համար մասնագետներ պատրաստող միակ դարբնոցն է: Մեր շրջանավատներն այսօր աշխատում են տարբեր դպրոցներում, հիմնում սեփական կրթօջախներն ու զարգացման կենտրոնները, զբաղվում են գիտությամբ, նպաստում մանկավարժական մտքի զարգացմանը»,-այսօր ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվող «Սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը նշեց ֆակուլտետի՝ գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ Լուսինե Պողոսյանը:

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Պողոսյանը հավելեց՝ ներկաներից յուրաքանչյուրը Մանկավարժականի հետաքրքիր և բովանդակալից պատմության կերտողներից է. պետք է գիտակցել մեր ուսերին դրված կարևոր առաքելությունը:

ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, կարևորելով բուհի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովների անցկացումը, նշեց՝ դրանք կարծես յուրատեսակ ստուգատես լինեն ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների համար: Պրոռեկտորն ընդգծեց՝ մանկավարժի դերն ու առաքելությունը չափազանց կարևոր է մեզանում. պետք է ունենալ կայուն դպրոց և կուռ արժեհամակարգ ունեցող հասարակություն:

«Սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովին զեկույցներով հանդես եկան ինչպես ՀՊՄՀ-ի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու ասպիրանտները, այնպես էլ օտարերկյա բուհերի դասախոսներն ու ասպիրանտները, որոնք միացել էին առցանց ձևաչափով:

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Տեր-Գրիգորյանը ներկայացրեց «Հայոց լեզու և գրականություն» դասընթացը որպես տարրական դպրոցի ուսուցչի արժեհամակարգի ձևավորման միջոց» թեման:

Բանախոսը նկատեց՝ հաշվի առնելով հետպատերազմյան ժամանակաշրջանը ՝ 2021-2022 ուսումնական տարում ամբիոնը վերանայել է ինչպես դասընթացի նպատակն ու խնդիրները, այնպես էլ բովանդակությունը. «Որպես ուղենիշ ընտրվեց հայ ուսուցչի՝ որպես ազգային արժեքների կրթողի և փոխանցողի կերպարի ձևավորման խնդիրը: Այնուամենայնիվ, դասընթացը չի շրջանցել նաև կրթական նպատակն ու խնդիրները՝ ձևավորելու լեզվական տեսական գիտելիքներին տիրապետող, դրանք գործականում ճիշտ և տեղին կիրառող, կրտսեր դպրոցում լեզվական գիտելիքներ հաղորդելու գործնական կարողություններով ու հմտություններով օժտված, ազգային արժեքներ կրող ուսուցիչ»:

«Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» Նիկոլ Աղբալյանի գնահատմամբ» թեման գիտաժողովին ներկայացրեց նույն ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկանածու Եվա Մնացականյանը:

Բանախոսը անդրադարձավ «նազարականություն» համամարդկային ախտանիշին և նշեց՝ հեքիաթն ավարտվում է կյանքի սթափ փորձառությամբ ամրագրված այն իմաստությամբ, որ «քաջնազարականություն»-ը հավերժական է և իր մշտական ներկայությամբ ուղեկցելու է բազում սերունդների:

ՀՊՄՀ-ի մանկավարժության ամբիոնի ասպիրանտ Սյուզաննա Գինոսյանն անդրադարձավ մասնագիտական կրթության ոլորտում մանկավարժական սիներգետիկայի էությանը: Երիտասարդ գիտնականը ներկայացրեց կատարած հետազոտության նպատակը, մանագիտական կրթության մեջ սիներգետիկ բազմագործոն համակարգն ու դրա վերաբերյալ եզրակացությունը:

Ինտեգրված ուսուցման համատեքստում մաթեմատիկայի և շախմատի միջառարկայական կապերին, ինտեգրված ուսուցման վերաբերյալ գաղափարներին անդրադարձավ Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրոս Ռիմա Մուրադյանը:

Նիստի ամփոփիչ զեկույցը բակալավրիատի ուսանող Մանե Եսայանինն էր. ներկայացվեց ՀՊՄՀ-ի անվանի մաթեմատիկոսներին և տարրական դպրոցին ուղղված նրանց մանկավարժական հայաքները:

«Սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքերը շարունակվեցին 4 մասնախմբերում: Զեկուցողներն անդրադարձան սովորողի հոգեկան գործընթացներում կարդալու և գրելու կարողությունների ձևավորման պայմանավորվածությանը, կրտսեր դպրոցականի խոսքի զարգացման գործընթացում բառերի կապակցելիության շուրջ աշխատանքին, «Մայրենի 1» աշխատանքային տետրի միջոցով առաջին դասարանում սովորող ԿԱՊԿՈՒ աշակերտների աշխատանքի կազմակերպմանը, արդի հայերենում ժամանակակից բառերի մակդիրային արժեքին և այլն: