«21-րդ դարի մարտահրավերների լուծման միակ ճանապարհը կրթությունն է՝ չնայած նրան, որ կրթությունը ևս խորը ճգնաժամ է ապրում: Տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են կրթության խոշոր ու հզոր մրցակից. չպարտվելու համար պետք է միևնույն դաշտում համագործակցել մրցակցի հետ՝ օգտագործելով նրա հնարավորությունները»,-նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը՝ «Սկզբնական կրթության հիմնախնդիրները» խորագրով հանրապետական գիտական նստաշրջանի ընթացքում:
Նա այն կարծիքին է, որ երեխաների հետաքրքրությունը գնալով մեծանում է տեխնոլոգիաների և նվազում կրթության հանդեպ, ուստի պետք է չհապաղել և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: Սկզբնական կրթության տարիքը խնդիրները սովորելու և անձի ձևավորման ժամանակաշրջան է, նպաստավոր տարիք սովորելու համար. «Պետք է ստեղծել միջավայր, որ երեխան լինի ուսումնական գործընթացի կենտրոնում և կարողանա խնդիրները հաղթահարել ինքնուրույն»,-հավելեց Հեղինե Խաչատրյանը:
Վերջինս վստահեցրեց նաև, որ հասունացել է ոլորտը կարգավորող հայեցակարգ մշակելու ժամանակը, ինչը թույլ կտա միավորել ոլորտի ներկայացուցիչներին՝ տնօրեններին, ուսուցիչներին և համատեղ քննարկելու հայեցակարգային դրույթները:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ այն կարծիքին է, որ երբեմն մարդիկ բավարար երկխոսության մեջ չեն իրենց երեխաների հետ, ինչն իր որոշակի ազդեցությունն է ունենում անձի զարգացման վրա. «Երկխոսության ոչ բավարար լինելը հետևանքներ է ունենում նաև կրթության և ուսուցման պրոցեսում, իսկ սկզբնական կրթությունն այն կարևոր ժամանակաշրջանն է, երբ ձևավորվում են երեխայի անձնային որակները»:
Պրոռեկտորը հույս հայտնեց, որ նման գիտական նստաշրջանները թույլ կտան վերանայել մոտեցումները և ոլորտի մասնագետների զինանոցի համար մշակել անհրաժեշտ կարողություններ, թիրախային խնդիրների լուծման հմտություններ:
«Գիտություն, կրթություն, պրակտիկա. սա այն շղթան է, որը պետք է ամրացնել՝ բաղադրիչների միջև կամուրջներ ստեղծելով»,-նշեց Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ Վլադիմիր Կարապետյանն ու հավելեց, որ ամբողջ աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում Սկզբնական կրթության խնդիրներին, քանի որ այդ ոլորտում բարեփոխումները շատ են:
Նա գտնում է, որ Մանկավարժական համալսարանը պետք է լինի մանկավարժական գաղափարների գեներատոր՝ մշակելով նոր մոտեցումներ ու մեթոդներ:
Զեկուցողներն անդրադարձան նախադպրոցական կրթության ժամանակակից հարացույցին, ինչպես նաև մանկության հիմնախնդիրներին՝ նկատելով, որ մանկության առողջությունն ու առողջապահական խնդիրները դուրս են մնացել լուրջ մտահոգությունների տեսադաշտից:
«Առողջապահական խնդիրներին նվիրված ուսումնասիրությունների արդյունքներով՝ հասուն մարդու ունեցած հիվանդությունների 75%-ը նրա մեջ բույն են դրել մանկության տարիներին»,-վստահեցրեց պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանն ու հավելեց, որ առավել վտանգավոր են մանկության տարիներին երեխաների կյանքի կազմակերպման ընթացքում մեծերի թույլ տված սխալներն ու հետևանքները:
Պրոֆեսորի կարծիքով՝ ելքը մեկն է. պետք է ոչ թե գիտելիքների ձևավորման մրցավազքի մեջ ներգրավել երեխաներին, այլ կրթությունը դարձնել ուշագրավ, հետաքրքրաշարժ, դրդապատճառային՝ կարևորելով հնարների յուրացումը, որոնք էլ կնպաստեն ճանաչողությունների ձեռքբերման. «Աշխատանքը պետք է սկսել առաջին հերթին ուսուցչի և ծնողի կրթությունից»,-հավելեց Ջուլիետա Գյուլամիրյանը:
«Սկզբնական կրթության հիմնախնդիրները» հանրապետական գիտական նստաշրջանի աշխատանքները շարունակվեցին մասնախմբերում. մասնակիցները հարցուպատասխանի, քննարկումների ձևաչափում վերհանեցին ոլորտի խնդիրները և նախանշեցին հետագա անելիքները: