Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվա շրջանակներում այսօր Մանկավարժական համալսարանում կազմակերպվել էր «Սոցիալական աշխատանքը փոխակերպվող հասարակությունում. զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանս:
ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի և «Սոցիալական աշխատող. աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին մասնակցում էին ոլորտի մասնագետներ, տարբեր բուհերի ու դպրոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:
Ներկաներին տոնի առթիվ շնորհավորեցին ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ Արմեն Սահակյանը:
Վերջիններս վստահեցրին, որ ապագա սոցիալական աշխատողները չպետք է բավարարվեն գնահատական ու դիպլոմ ստանալով, այլ առաջին հերթին պետք է գիտակցեն իրենց մասնագիտական առաքելությունը և լինեն հումանիստ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն իր խոսքում անդրադարձավ ծայրահեղ աղքատ համարվող մարդկանց հիմնական խնդիրներին և փաստեց, որ նման մարդկանց հետ աշխատողների համար ամենակարևորը գիտելիք ունենալն է և պրոֆեսիոնալիզմը: Վերջինս խոսեց նաև հանրապետությունում սոցիալական աշխատողներ պատրաստող բուհերի և տարբեր ոլորտներում սոցիալական աշխատանք իրականացնող կառույցների մասին և հավելեց՝ առաջիկայում կմշակվեն սոցիալական աշխատողի մասին օրենքների դրույթներ, որ յուրաքանչյուր մարդ հասկանա՝ սոցիալական աշխատանքը մասնագիտություն է:
Ապագա սոցիալական աշխատողներին Աստղիկ Մինասյանը վստահեցրեց, որ մասնագիտական ճանապարհը դժվար է և հաջողությունների կողքին լինում են նաև սայթաքումներ. «Կարևորն այն է, որ սոցիալական վատ պայմաններում ապրող մարդկանց հետ աշխատող մարդիկ լինեն բարի և ունենան բավարարվածության զգացում, որովհեետև նրանց աշխատանքային հաջողությունները նաև ոլորտի հաջողության գրավականն են»:
Ոլորտի նպատակների ու հիմնախնդիրների մասին խոսեց «Սոցիալական աշխատող. աջակցության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Հասմիկ Բունիաթյանը: Սոցիալական աշխատողի համաշխարհային օրը նա համարեց մարդկային արժեքների վերահաստատման օր, իսկ սոցիալական աշխատողին՝ բարության աջակից, լույսի և արժեքների վերարթնացման արարող:
Վերջինս ամփոփ ներկայացրեց սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացում առկա հնարավոր խնդիրների և բացթողումների բացահայտմանն ու վերհանմանն ուղղված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Կոնֆերանսում եղան նաև զեկույցներ, որոնք վերաբերում էին սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեության առանձնահատկություններին, սոցիալական աշխատանքի դերին առողջապահության ոլորտում, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, հանրապետությունում ոլորտի գիտական զարգացման հնարավորություններին և այլն:
Կոնֆերանսն ամփոփվեց մասնագիտական քննարկումներով: Մասնակիցներն ստացան վկայականներ, ինչպես նաև եղավ «Սոցիալական աշխատողի ձայնը» երգի պրեմիերան: