ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սովորական հայրենիք՝ անսովոր պատմություններով
23.09.2025
Սովորական հայրենիք՝ անսովոր պատմություններով

«Սովորական հայրենիք» գիրքը 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյանի ստեղծագործությունն է։ Հեղինակը Մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է։

Գրքի շնորհանդեսն այսօր կայացավ Մանկավարժականում․Նարեկ Վարդանյանը գիրքը գրել է պատերազմի ընթացում, շարունակել՝ պատերազմից ու իր վիրավորումից հետո։ Նա գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել, եղել կոմայի մեջ։

«Սովորական հայրենիք»-ը Նարեկի հետ պատահածի, ընկերների ու պատերազմի մասնակից այլ անձանց մասին հուշեր են։

Հեղինակն իր տեսածն ու զգացածը երբեմն հորինված կերպարների միջոցով է ներկայացրել՝ ամբողջացնելով պատերազմի մասնակցի կերպարը։ Գրքում կան նաև իրական հերոսներ՝ իրական անուններով։

ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը հասցրել է ծանոթանալ գրքի բովանդակությանը․ասում է՝ Նարեկի ապրածը, հիշողություններն ու հույզերը ռազմի դաշտից, հայրենիքի նկատմամբ մտահոգությունները, քննադատությունները, սովորական մարդկանց, ճակատագրերի ու վախերի, հերոսությունների մասին, ընթերցվում են մի շնչով։

Նկատում է՝ հուշագրական ժանրի այս գիրքը հնարավորություն է տալիս պատերազմը ոչ միայն լսել, տեսնել, հասկանալ, այլ այն զգալ միջից՝ ինչպես որ կա։ Կարծում է, որ արժեքավոր այս գիրքը հետագայում կարող է ծառայել որպես նորօրյա պատերազմի վավերագրություն, ինքնատիպ վերլուծություն, որը հնարավորություն կտա մտորել, արժևորել, խնդիրները հետահայաց հասկանալ և սովորել՝ ինչպես կարելի է սովորական հայրենիքը մի փոքր անսովոր սիրել․«Այս գիրքը պատգամ է, քարոզ, փորձ՝ ապրածով եղած շտկելու և մեր վերաբերմունքը հայրենիքի և միմյանց նկատմամբ փոխելու»,-նշեց Էդգար Հովհաննիսյանն ու շնորհակալություն հայտնեց հեղինակին՝ անցած ճանապարհի և հետագա պլանների համար․ ապագա պատմաբանը որոշել է մասնագիտանալ պատմության մեթոդիկայում՝ նաև հասկանալու դասավանդման հիմնախնդիրները։

Նա կարծում է, որ հասարակությունը պետք է գնահատի իր կողքին ապրող հերոսներին․ հասարակ մարդկանց՝ հերոսական անցյալով, որոնք անցել են տարբերվող ուղի։ Ապագա պատմաբաններն, անկախ արժեքների փոփոխությունից, նաև այս գաղափարախոսությամբ պետք է սնեն գալիք սերունդներին․ դա է թելադրում մասնագիտությունը։

Նարեկ Վարդանյանը խոստովանում է՝ «Սովորական հայրենիք» գրքի կենտրոնում զոհված տղաներն են, ոչ թե ինքը։ Հեղինակն այն գրել է մարտական երեք ընկերների՝ Ռոբերտի, Նվերի և Դավթի նահատակվելուց հետո։ Ասում է՝ եթե չգրեր, գուցե մոռացության մատնվեին նրանց մասին հուշերը։

2020 թվականը համարում է ոչ թե պարտության, այլ պայքարի պատմություն․զոհված մարտընկներն իրենց կյանքով և ապրածով այդ ապացուցեցին․ «Զինվորը մարտի դաշտում պայքարում է մինչև վերջ և զոհվում․դրանից հետո՝ ինչ կորոշվի, ինչ կստորագրվի, այդքան էլ կարևոր չէ»,-նշեց Նարեկ Վարդանյանն ու կարևորեց պայքարի շարունակականությունը, ինչի փորձ է նաև իր հեղինակած գիրքը․«Մեզնից յուրքանչյուրն իր տեղում պետք է հայրենանվեր գործ անի, պահպանի իր ինքնությունը։ Այս գիրքը բոլորիս մասին է․նրանց, ովքեր մասնակցել են, վիրավորվել, զոհվել։ Սա մեր պատմությունն է ու ներկան, մեր ապագա սերնդի դաստիարակության համար մի փոքրիկ կաթիլ, որը գուցե նպաստի առավել հայրենասեր և քաղքացիակենտրոն դառնալուն»։

«Նարեկը Հայաստանն է, որ ուզում է վերակագնվել և չի կոտրվում․նա ծանր վիրավորումից և երկարատև բացակայությունից հետո, այս տարի է վերականգնել ուսումը Մանկավարժականում»,-ասում է Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանն ու հպարտությամբ հավելում՝ նա ապրում է պատմության դասերով և գուցե այդ կերպ է շարունակում իր պայքարը՝ մարտի այլ դաշտում, որ ոտքի կանգնեցնի մեր երկիրը։

Պատմաբանի կարծիքով՝ Նարեկի պայքարը, անկոտրում ոգին, հասարակության մեջ իր տեղն ունենալու մղումը պետք է ոգևորի բոլորին, որ ապրենք՝ հանուն անցած ճանապարհի։

Հանդիպումն ընթացավ հերոսական դրվագների մասին պատմություններով, հարց ու պատասխանով։