ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ստացան ավարտական դիպլոմներ․․․
28.06.2023
Ստացան ավարտական դիպլոմներ․․․

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետում կայացավ ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Ֆակուլտետն այս տարի ունի 176 շրջանավարտ՝ 89 բակալավր, 16 մագիստրատրոս, ինչպես նաև հեռակա ուսուցման համակարգի 71 աբովյանական՝ 39-ը գերազանցության։

9 մասնագիտությունների գծով շրջանավարտներին շնորհավորեցին, մասնագիտական մեծ հաջողություններ և իրենց կոչմանը հավատարիմ մնալու մաղթանքներ հղեցին ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը, փոխդեկան Արտաշես Մարտիրոսյանը, ամբիոնների վարիչները։

Այս տարվա բակալավրիատի շրջանավարտներից է նաև Սիլվա Մելքոնյանը․ հաջողությամբ է ավարտել է «Պարարավեստ» մասնագիտությունը, որոշել ուսումը շարունակել նաև մագիստրատուրայում։

10 տարի է՝ զբաղվում է պրոֆեսոինալ պարով։ Մանկավարժականում է ստացել մասնագիտական կրթություն, հասցրել հիմնել պարային ստուդիա։

Մասնագիտական գիտելիքներ, ոլորտի առաջատար մասնագետների հետ աշխատանք և մեծ փորձառություն․ սրանք այն մի քանի ձեռքբերումներն են, որ Սիլվա Մելքոնյանը նշեց՝ խոսելով ուսումնառության հաջող ընթացքի մասին։

Մանկավարժականի շրջանավարտ է նաև Լիլիթ Գրիգորյանը.բուհում ուսանել է լրագրություն։ Ուսանողական կյանքի հենց սկզբից աշխատել է մասնագիտությամբ․ թղթակցել, հաղորդումներ պատրաստել համալսարանի ռադիոյում, ապա աշխատանքի ընդունվել առաջատար կայքերից մեկում։

old.aspu.am-ի հետ զրույցում Լիլիթը նշեց, որ բուհում ստացած տեսական գիտելիքները կիրառել է գործնականում․«Մեր կուրսի առանձնահատկություններից մեկն այն էր, որ ուսումնառության ընթացքը համընկավ համավարակի հետ։ Դրանով պայմանավորված՝ գրեթե մեկ ամբողջ տարի սովորեցինք օնլայն հարթակում։ Դասախոսների սրտացավությունն ու նվիրումը, սակայն, զգացնել չտվեց այդ բացը.նույն հոգատարությամբ նրանք մեզ հետ էին մինչև ավարտական աշխատանքների ավարտը»։

Լրագրության բաժնի այս տարվա առաջին կուրսեցիներին Լիլիթ Գրիգորյանը խորհուրդ է տալիս չսահմանափակվել դասախոսների հանձնարարություններով, անընդհատ աշխատել, հարցադրումներ անել, քաղել առավելագույնը՝ այս ամենին զուգահեռ փորձ կուտակելով նաև պրակտիկ դաշտում։