ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ստացան ավարտական դիպլոմներ․․․
30.06.2025
Ստացան ավարտական դիպլոմներ․․․

Մանկավարժական համալսարանում մեկնարկել է ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Այսօր հանդիսավորությամբ դիպլոմներ ստացան Գեղարվեստական կրթության, Կուլտուրայի ֆակուլտետների, ինչպես նաև «Կրթության կառավարում» մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները։

Միջոցառմանը ներկա էին բուհի ղեկավար և դասախոսական կազմը, ուսանողներ, ծնողներ։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց աբովյանականներին մասնագիտական ուղու ավարտի առթիվ, ինչպես նաև բարձր գնահատեց ֆակուլտետների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի գործունեությունը․այս ողջ ընթացքում նրանք են կիսել ուսանողների հույզերը, ձեռքբերումները, որոշ դեպքերում՝ ձախողումները, ակտիվ մասնակցություն ունեցել նրանց մասնագիտական ձեռագրաբանության կայացման գործում։

Ռեկտորը հիշատակեց մեծանուն արվեստագետ-մանկավարժների, որոնք հսկայական ներդրում են ունեցել ոչ միայն Մանկավարժականի, այլև Հայաստանի մշակութային պատմության մեջ․ նրանց մասնագիտական կրթության ոլորտի հաղորդակիցն ու արժեբանության շարունակողներն են ներկայիս շրջանավարտները։

Սրբուհի Գևորգյանը նկատեց՝ այսօր էլ նրանց թողած պատվիրանները, արժեքները, արվեստի արտացոլման, գեղագիտական ճաշակի ձևավորման և զարգացման բաղադրիչները շարունակում են ամենատարբեր ոլորտների տաղանդավոր և կայացած մասնագետները։ Ռեկտորը հույս հայտնեց, որ ուսանողները կկարողանան երկխոսել գալիք սերունդների հետ և կդառնան իրենց ժամանակի շունչը։

Շրջանավարտներին շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին նաև կառույցների ղեկավարները։ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն օրը հիշարժան է համարում․ վստահ է՝ արվեստի միջավայրում և տաղանդավոր նվիրյալների մոտ կրթություն ստացած ուսանողները կլինեն մեկդարյա ավանդույթներ կրող կրթօջախի արժանի հետևորդներն ու իրենց ոլորտում կայացած, նշանավոր մասնագետներ։

Կուլտուրայի ֆակուլտետն այսօր ավարտեց մասնագիտական գիտելիքներով զինված 51-րդ սերունդը․ դեկան Գևորգ Թադևոսյանը վստահ է՝ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ բուհն ավարտած ուսանողները կլինեն առաջատար մասնագետներ և բարձր կպահեն բուհի անունը։

Հանդիսավոր օրվա առթիվ շրջանավարտներին շնորհավորեց նաև Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյանը՝ մաղթելով մասնագիտական մեծ հաջողություններ։

Իրենք՝ շրջանավարտները, ուսանողական տարիները համարում են կյանքի ամենագեղեցիկ շրջանը․ խոչընդոտներով ու անակնկալներով լի ուղի, որ հաղթահարել են իրենց ուղեկցող դասախոսների նվիրվածության, սիրով լցված աշխատանքի շնորհիվ նաև։