ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ստացան հավաստագրեր․․․
17.07.2023
Ստացան հավաստագրեր․․․

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը հավաստագրեր հանձնեց ՀՊՄՀ-ում «Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» կրթական ծրագրի դասընթացների 2-րդ փուլի մասնակիցներին։

Արևելագիտությունից մինչև ԲՏՃՄ ոլորտ․ 17 առարկայի գծով կրթական չորսամսյա ծրագրով այսօր հավաստագիր ստացավ 51 մասնակից։

Բուհի ղեկավարը շնորհակալություն հայտնեց արդեն կայացած մասնագետներին՝ մանկավարժությունը կարևորագույն առաքելություն դիտարկելու և համագործակցելու համար։

Պրոֆեսոր Գևորգյանը բարձր գնահատեց մասնակիցների նվիրումը մանկավարժի մասնագիտությանը և ներկայացրեց մի շարք դիտարկումներ կրթության ոլորտի ներկայիս մարտարհրավերների, համընդհանուր ներառականացման, դասավանդման մեթոդների և կրթության սուբյեկտի փոփոխության մասին։

Սրբուհի Գևորգյանը վստահեցրեց՝ միասին երկար ճանապարհ ունեն անցնելու։ Պատրաստ են լսել մասնակիցների դիտարկումները, քննադատությունները, նկատառումները՝ գործընթացն առավել պատշաճ կազմակերպելու համար, ինչի շնորհիվ տարբեր ոլորտների մասնագետներ իրենց առաքելությունն ու փորձառությունը կիրականացնեն կրթական տարբեր հաստատություններում, առաջնահերթությամբ՝ ազգային դպրոցում։

Ծրագիրը համակարգող ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը ներկայացրեց դասընթացի վերաբերյալ իր դիտարկումները՝ այն համարելով համագործակցության սկիզբ։

Պրոռեկտորը նկատում է՝ մասնագիտական գործունեություն ծավալելիս մասնակիցները պարբերաբար առնչվելու են բուհի հետ․ մշտապես պատրաստ են պատասխանել բոլոր հարցադրումներին։ Վստահ է՝ դասընթացի շնորհիվ ստացած գիտելիքները կօգնեն պատվով կատարել մանկավարժի առաքելությունը։

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն էլ հավելում է՝ Մանկավարժականում վերապատրաստումների գործընթացը լինելու է շարունակական․ կրթության ոլորտի բարեփոխումների փուլում, կամավոր և պարտադիր վերապատրաստումների միջոցով արվում է հնարավորը՝ մասնակիցների հմտություններն ու կարողությունները զարգացնելու համար։

Հավաստագրերի հանձնմանը մասնակիցները բուհի ղեկավար կազմին ներկայացրին իրենց առաջարկներն ու որոշ նկատառումներ, մասնավորապես՝ պրակտիկայի, առերես դասաժամերի, որոշ առարկաների ժամաքանակի ավելացման, ավարտական աշխատանքների բովանդակության, ոչ մանկավարժական առարկաների գծով այլ բուհերի գործընկերների ներգրվվածության վերաբերյալ և այլն։

Մասնակիցները համակարծիք են՝ 4-ամսյա ծրագրի շրջանակներում ոլորտի առաջատար մասնագետների, նրանց կիրառած մեթոդիկաների շնորհիվ ձեռք են բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն կտան մասնագիտական աշխատանքը կատարել ըստ արժանվույն։