ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ստացան հավաստագրեր
25.07.2025
Ստացան հավաստագրեր

Այսօր ևս 62 հավաստագրված մասնագետ համալրեց մանկավարժների ստվար բանակը․ նրանց հիմնական մասը նպատակադրված է աշխատանքային գործունեությունը շարունակել հանրակրթական դպրոցում։

ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը հավաստագրեր հանձնեց մանկավարժական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող (30 կրեդիտ) մանկավարժի հավաստագրման ծրագրի շրջանավարտներին։

Նաիրա Սաֆարյանը շնորհավորելով շրջանավարտներին, հույս հայտնեց, որ նրանք անպայման գործունեությունը կշարունակեն դպրոցում, և տեղեկացրեց՝ նախորդ երեք խմբերի շրջանավարտ հավաստագրված մասնեգետների մեծ մասն արդեն աշխատում է տարբեր կրթօջախներում։

Նաիրա Սաֆարյանը, որպես վաստակավոր մանկավարժ, շնորհակալություն հայտնեց գիտակցված ընտրության համար և հետագա հաջողություններ մաղթեց շրջանավարտներին։ Նա հրաժեշտ չտվեց 6 ամիս Մանկավարժական համալսարանում կրեդիտավորման դասընթաց անցած երիտասարդներին, այլ տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ կլինեն նրանց հետ և հնարավոր մեթոդական աջակցություն կցուցաբերեն նրանց, ովքեր իրենց հետագա գործունեությունը կկապեն դպրոցի հետ։

«Դուք շատ շնորհակալ գործ եք անում, և ձեր աշխատանքի արդյունքը տեսնելու եք տարիներ հետո, իսկ այսօր ձեր խնդիրն է ձեզ նայող աշակերտների վառվռուն աչքերին փայլ ավելացնելը»,- ասաց ՀՊՄՀ պրոռեկտորը։ Նա լսեց նաև շրջանավարտների կարծիքներն ու առաջարկները։

Հավաստագրված մասնագետներից Ռայա Ասատրյանը, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ է, նախ շնորհակալություն հայտնեց համալսարանին, դասընթացավարներին, ապա բարձր գնահատելով դասընթացի որակն ու արդյունավետությունը, առաջարկեց հետագայում գործնական մասն իրականացնել ոչ միայն ավագ դպրոցում, այլ նաև հիմնական, որպեսզի տարբեր տարիքային խմբերում աշխատանքի փորձ ձեռք բերեն։

Արագածոտնի մարզի Կարմրաշենի Արշավիր Ասլանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ Տիգրան Եղիազարյանը ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, սակայն դպրոցում դասավանդելու համար հիմնարար գիտելիքներ ստացել է մանկավարժական համալսարանի կազմակերպած այս դասընթացից, և չափազանց գոհ է արդյունքից։

ԵՊՀ նույն ֆակուլտետի շրջանավարտ Նարեկ Բաբայանը, որը թեև 30 կրեդիտի հավաստագիրն այսօր ստացավ, բայց նաև դիմել է ՀՊՄՀ մագիստրատուրա՝ գիտելիքներն ամրապնդելու և գիտական նոր աստիճան ձեռք բերելու համար։

Մանկավարժի որակավորում ստացած 62 ապագա ուսուցիչները վստահեցրին, որ Մանկավարժական համալսարանից հեռանում են կայուն և ամուր գիտելիքներով և հուսով են, որ շատ շուտով կունենան նաև աշխատանք՝ դպրոցում։ Ի դեպ, հենց տեղում ՀՊՄՀ պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը հասարակագիտության մասնագիտությամբ հավաստագրված մասնագետներին առաջարկեց ՀՊՄՀ ավագ դպրոց-վարժարանում զբաղեցնել ուսուցչի առկա թափուր տեղը։