«Մանկավարժական համալսարանը կարևորում է 30 կրեդիտի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ձևավորող գործընթացը։ Այն ապահովում է բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների մուտքը մանկության տիրույթ, որն իր վրա է կրում ժամանակի սրընթաց փոփոխությունները։ Վստահ եմ՝ ունեք ձեռքբերումներ, դիտողություններ, առաջարկներ»,- այսօր նշեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ հավաստագրեր հանձնելով ՀՊՄՀ-ում «Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» կրթական ծրագրի դասընթացի մասնակիցներին։
Կրթական 4-ամսյա ծրագրի մասնակիցներից հավաստագրեր ստացավ 86-ը։
Ռեկտորը նշում է՝ սա ոչ թե ավարտ, այլ սկիզբ է նախանշում․Մանկավարժականը շարունակում է մնալ մասնագիտական նկրտումները, պահանջմունքներն ու բարդագույն խնդիրները միասին լուծելու կարևոր հարթակ։
Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ գործ ունեն մի համայնքի հետ, որն անկախ խոչընդոտներից, գիտակցված ընտրել է դեպի մանկություն, դեպի դպրոց ճանապարհը՝ ուսուցչի մասնագիտության, մանկավարժության տիրույթում խնդիրներ լուծելու, կրթության ոլորտում պատրաստակամություն և ռեսուրսներ ներդնելու շնորհիվ։
Պրոֆեսոր Գևորգյանը վստահեցրեց՝ Մանկավարժական համալսարանն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում գործընթացին․ լիահույս է՝ ծրագիրը հաջողությամբ ավարտածները կհաղթահարեն նաև ուսուցչի թափուր տեղի մրցույթն ու կհամալրեն ՀՀ դպրոցների ուսուցիչների շարքերը․«Պատրաստ ենք լսել ցանկացած առաջարկ, դժգոհություն՝ գործընթացը կատարելագործելու, ծրագրի բացերը լրացնելու համար»։
Դասընթացի կազմակերպման ճկուն գրաֆիկ, պրակտիկայի ժամաքանակի, առկա ձևաչափով հանդիպումների ավելացում և այլն․ վերապատրասատվածները ներկայացրին գործընթացի բարելավմանն ուղղված իրենց առաջարկները՝ բարձր գնահատելով բանիմաց և գրագետ դասախոսական կազմի պատրաստվածությունը։