Կայացավ ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ Լիլյա Խաչատրյանի՝ «Իմ Ուսուցչին» խորագրով ստեղծագործական երեկոն՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար, հասարակական գործիչ Աննա Ամբակումյանի 105-ամյակին։
Ստեղծագործական երեկոյին ներկա էին երաժշտության ոլորտի մասնագետներ, երաժշտասերներ, դասախոսներ, ուսանողներ։
Հնչեցին դասական դաշնամուրային և վոկալ ստեղծագործություններ։ Լիլյա Խաչատրյանը Կոմիտասի, Բախի, Բեթհովենի, Շոպենի դաշնամուրային ստեղծագործությունների բարձր կատարողական արվեստով հիացրեց դահլիճում ներկա գտնվողներին՝ փաստելով, որ ուսուցչին արժանի աշակերտ է և այսօր՝ ինքն է շատերի ուսուցիչը։
Վոկալ ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան ՀՊՄՀ-ի ուսանողներ Տաթևիկ Մովսեսյանն ու Ռուբեն Կարասեֆերյանը․նրանք կատարեցին ինչպես Լիլյա Խաչատրյանի հեղինակած երաժշտությամբ, այնպես էլ հանրահայտ հեղինակների ստեղծագործություններ։
Երեկոյի ընթացքում Լիլյա Գուրգենովնան ներկաներին իր հետ տարավ դեպի ուսանողական տարիներ, վերհիշեց ճանաչում ունեցող բազմավաստակ դասախոսներին, որոնց, ըստ նրա, պարտական է իր կրթության համար, խոսեց մասնագիտական և դասավանդման փորձառությունից։
Դահլիճը հոտնկայս ծափահարություններով ընդունեց դաշնակահարի նախաձեռնությունն ու ելույթը՝ փաստելով, որ ուսուցիչներին հիշելու և մեծարելու լավագույն օրինակը նման ստեղծագործական երեկոների կազմակերպումն է։