ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ստեղծագործում են կանայք...
09.03.2023
Ստեղծագործում են կանայք...

Այսօր ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ճեմասրահում բացվեց ինքնատիպ ցուցադրություն․ իրենց ձեռագրով, վարպետությամբ, քնարականությամբ, գեղարվեստական ճաշակով ու ամենաբարդ տեխնիկաներով առանձնացող գործերի հեղինակները կանայք են։

Կանանց միամսյակին նվիրված բուհի կին արվեստագետների ցուցադրությանը ներկայացված էր 16 ստեղծագործողի 23 աշխատանք։

Ինչպես ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն է խոստովանում՝ եզակի ցուցադրություն է․ ներկայացված աշխատանքների որակը, ստեղծագործողների փորձառությունն անակնկալ էր նաև իր համար։

Ցուցահանդեսն աննախադեպ է համարում․ցուցադրությունն առաջին անգամ մեկ հարկի ներքո մեկտեղել է կին մանկավարժ-արվեստագետների, այդ թվում՝ Հենակետային ավագ դպրոց վարժարանի ուսուցիչների, որոնք դժվար ժամանակներում ստեղծագործում են և արվեստի եզակի գործեր ստեղծում։
 
Խեցեգործություն, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, բատիկ, գոբելեն, կարպետ, գեղանկար․պրոֆեսոր Հակոբյանը թվարկում է ներկայացված աշխատանքերի բազմաժանրությունն ու հավելում՝ արվեստաբանությունն իր բարձունքին հասնում է այն ժամանակ, երբ արվեստաբան-տեսաբանը նաև գործնականում է շփվում նյութի հետ։

«Մարդուն ստեղծագործելու շնորհն ի վերուստ է տրված․ մտածելու և վերարտադրելու ուժը՝ նույնպես։ Երբ կինն է ստեղծում, դա առանձնահատուկ հմայք է հաղորդում ստեղծագործությանը․ կինն առավել զգացմունքային էակ է»,-նկատում է գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանն ու հավելում՝ ստեղծել նշանակում է բացվել հոգով, կիսվել դիմացինի հետ, ցույց տալ ողջ ներաշխարհը՝ իր ջերմությամբ։

Վստահ է՝ ներկաներն այսօր վայելում են այդ ջերմությունը, ինքն էլ ուրախ է, որ տղամարդ ստեղծագործողների կողքին ապրում ու ստեղծագործում են կանայք․նրանց հետ միասին արվեստի ուժն են տարածում՝ փոխելով աշխարհը՝ այն դարձնելով առավել բարի ու գեղեցիկ։

Գեղանկարիչ Սևադա Սարգսյանը ցուցահանդեսը ֆակուլտետի հերթական հաղթանակն է համարում․ այն մեկ անգամ ևս հիշեցնում է, որ պետք է սիրել։

ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի դասախոս Հռիփսիմե Մարոնյանը ցուցահանդեսին ներկայացրել է հայական Մարաշի ասեղնագործությամբ համալրված հագուստ։ Կարծում է, որ սխեմատիկ մոտեցմամբ, զուգադրելով շղարշի նրբության հետ, ստացել է չափազանց կանացի կերպար՝ օրվա խորհրդին բնորոշ։

Յուրօրինակ, ինքանտիպ ու գունագեղ․ այսպես է բնութագրում ցուցահանդեսում ներկայացրած գործընկերների աշխատանքներն ու հավելում՝ ստեղծագործողները գտել են իրենց։

«Անցյալի ստվերներ» և «Հավերժություն» բատիկ աշխատանքների հեղինակ Նաիրա Մխիթարյանն էլ, որը ստեղծագործում է տարբեր տեխնիկաներով, խոստովանում է՝ սիրում է կերպարվեստը․ առիթը բաց չի թողնում ստեղծագործելու և ներկայանալու բոլոր ճյուղերում։

Կին և տղամարդ ստեղծագործողների տարբերությունների մասին խոսելիս նկատում է՝ կինն իր զգայարաններով այլ, առավել ուժեղ է զգում կյանքը, միջավայրը, իրեն շրջապատող աշխարհը․«Այդ է պատճառը, որ կնոջ ստեղծագործություններն առավել զգացական են և ուժեղ․ մատների միջոցով հաղորդած զգացողությանը համահունչ»։

Ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 21-ը։