ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սուրեն Ամիրյան․«Արվեստագետ, ով հավատարիմ է բնությանը»
13.04.2022
Սուրեն Ամիրյան․«Արվեստագետ, ով հավատարիմ է բնությանը»

Գեղարվեստական կրթության ֆակուլտետը շարունակում է «Շնորհաշատ շրջանավարտներ» խորագիրը կրող ցուցահանդեսների շարքը, որը նվիրված է Մանկավարժական համալսարանի 100-ամյակին։

Այսօր ֆակուլտետի ցուցասրահում բացվեց գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ, բուհի շրջանավարտ Սուրեն Ամիրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։

«Կրթական և մշակութային կյանքում բացառիկ և մեզանում արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսները ներկայացնում են շրջանավարտ-արվեստագետների աշխատանքներ, որոնք գեղագիտական ճաշակ սերմանելուց զատ, ուսանողների համար նաև ուսուցողական բնույթ ունեն։ Հանրապետության լավագույն և ինքնատիպ արվեստագետներից մեկի՝ Սուրեն Ամիրյանի գեղանկարներով հնարավոր է ոչ միայն ճանաչել հայրենի բնաշխարհը, այլև սովորել ակադեմիական նկարչության սկզբունքները»,- բացման խոսքում նշեց Արա Հակոբյանը։

Վերջինս հետաքրքրական և միաժամանակ բարդ երևույթ համարեց այն, որ ցուցահանդեսում ներկայացված բոլոր 17 աշխատանքներում պատկերված է հայկական բնաշխարհը՝ տարբեր եղանակների, օրվա տարբեր ժամերի, նկարչի ամենատարբեր խոհերով և հույզերով․«Ունենալով ինքնատիպ ձեռագիր, արվեստագետը հավատարիմ է մնում բնությանը»- ընդգծեց Արա Հակոբյանը։

Սուրեն Ամիրյանի ցուցադրությանը ներկայացված էին արվեստագետի վերջին 10 տարիների աշխատանքները՝ հիմնականում բնանկարներ։ Գեղանկարիչի աշխատանքներում թեպետ հիմնականում  պեյզաժային պատկերներ են, սակայն խոստովանում է՝ այսօր արդեն ձգտում է աբստրակտ ժանրի․ դրա պահանջմուքն է հասունացել։

«Շնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում»,-ասում է գեղանկարիչն ու հավելում՝ ցուցահանդեսը լավ հարթակ է նաև ուսանողի համար, եթե ցանկություն ունի սովորելու։

Գեղանկարիչ Սուրեն Ամիրյանը խոստովանում է՝ թեպետ Մանկավարժական համալսարանն ավարտել է 1981 թվականին, սակայն մեծ պատվով և հպարտությամբ է կրում բուհի շրջանավարտի տիտղոսը․ կրթական այն հաստատության, որն ունեցել է տաղանդավոր բազում սերունդներ։

Ղուկաս Չուբարյան, Հովհաննես Զարդարյան, Լևոն Կոջոյան, Սուրեն Սաֆարյան, Էդուարդ Իսաբեկյան․ գեղանկարիչը մեկ առ մեկ թվարկում է հայ կերպարվեստի հսկաներին, որոնք ժամանակին կրթել են նաև իրեն։

Սուրեն Ամիրյանը գեղանկարչությունից զատ, մանկավարժությունը ևս համարում իր կոչումներից մեկը․ այսօր էլ շարունակում է սովորեցնել մատաղ սերնդին։ «Ինչ էլ դառնաք կյանքում, արժանապատվորեն կրեք այդ կոչումը»,-դիմելով երիտասարդ արվեստագետներին՝ հորդորեց նկարիչը։

Կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը բարձր գնահատեց Սուրեն Ամիրյանի աշխատանքները․դրանցում մեծ սեր և նվիրում կա հայրենի բնության հանդեպ։ Պրոֆեսորը նկատում է՝ գեղանկարչի ֆակտուրայի զգացումը, գունային հարաբերությունների ընկալումն օրինակելի է բոլորի, այդ թվում՝ ուսանողների համար․դրանցից շատ բան կա սովորելու։

«Հետաքրքիր, մտածող արվեստագետ, որն իր կյանքը չի պատկերացնում առանց բնության և ստեղծագործելու․ նա անընդհատ աշխատանքի մեջ է։ Նաև մարդ, որը մանակավարժ է, և կյանքը կապել է մանակավարժության հետ, որ անի առավելագույնը՝ երիտասարդ սերնդին դաստիարակելու համար»,-old.aspu.am-ի հետ զրույցում Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այսպես բնորոշեց Սուրեն Ամիրյանին։

Նկարիչների միության նախագահը նկատում է՝ կտավ ստեղծելիս նկարիչը լոկ գույներ ու գծեր չի գործածում, դրանցում նաև նրա հոգին է և տրամադրությունը․«Յուրաքանչյուր արվեստագետ ունի իր գունապնակը, մտածելակերպն ու ձեռագիրը։ Սուրեն Ամիրյանն իր հաստատուն տեղն ունի հայ կերպարվեստում, իսկ խմբակային ցուցահանդեսներում նրա ստեղծագործությունները երբեք չես շփոթի»,-հավելեց Սուրեն Սաֆարյանը։

Գեղանկարիչ Սուրեն Ամիրյանի ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 20-ը։