Մանկավարժական համալսարանը կրկին միացավ ամենամյա «Թանգարանային գիշեր» միջազգային միջոցառմանը, որն այս տարի կրում էր «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագիրը:
Թանգարանն իր այցելուներին ներկայացավ «Անցյալի ապագան», «Հայկական բնաշխարհի արտացոլումը տարազի մեջ», «Ժամանակի մեքենա» խորագրերով միջոցառումներով, որոնք տարազների և խաղերի միջոցով բնութագրում էին հայկական մշակութային լանդշաֆտները:
Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի աջակցությամբ «Անցյալի ապագան» միջոցառման ընթացքում ՀՊՄՀ-ի ուսանողները ցուցադրեցին հայ ազգային տարազի, գորգերի ու քանդակագործության շնչով ստեղծված ժամանակակից հագուստներ, իսկ «Հայկական բնաշխարհի արտացոլումը տարազի մեջ» ժամանակավոր ցուցահանդեսն արդեն աշակերտական էր:
Երևանի Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտները ներկայացրին հայկական ավանդական տարազների ուսումնասիրության և անհատական երևակայության արդյունքում ստեղծված աշխատանքները:
Աշակերտական ցուցադրությունն արժանացավ այցելուների ուշադրությանը, հիացմունքին և զարմանքին. նրանք այնքան վարպետորեն էին ստեղծել և ըմբռնել ավանդական տարազին բնորոշ յուրահատկությունները, որ դժվար էր տարանջատել երևակայությունը իրական տարազներին բնորոշ առանձնահատկությունները:
Բուհի շրջանավարտների նախաձեռնությամբ էլ կազմակերպվեց «Ժամանակի մեքենա» ինտերակտիվ խաղը՝ նախատեսված էր մեծերի և փոքրերի համար: Խաղի ընթացքում այցելուն անցնում էր մշակութային լանդշաֆտից լանդշաֆտ՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և հմտություններ՝ ասեղնագործություն, թաղիքագործություն, Հայաստանի նշանավոր հուշարձանների և նյութական մշակութային արժեքների մասին տեղեկություն:
ՀՊՄՀ-ի թանգարանի աշխատակիցների վստահեցմամբ՝ «Թանգարանային գիշեր» միջոցառումը այս տարի ևս արժանացավ բազմաթիվ այցելուների ուշադրությանն ու հետաքրքրվածությանը: Նրանք առանձնակի կարևորեցին լսողական խնդիրներ ունեցող երեխաների այցը թանգարան, ովքեր խաղերին մասնակցեցին խանդավառությամբ և բուհից հեռացան նրա ուսանողը լինելու մեծ ցանկությամբ:
Նշենք, որ մշակութային լանդշաֆտները ներկայացնելիս թանգարանը համագործակցել է դպրոցների, բուհի շրջանավարտների, ուսանողների և դասախոսների հետ՝ Գեղարվեստի կրթության ֆակուլտետի դասախոսներ Լիլիթ Մելիքյան, Նաիրա Մխիթարյան, շրջանավարտներ՝ Լուսինե Մխիթարյան, Դիանա Կարապետյան, Արաքս և Սոսե Անանյաններ: