ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տառաճանաչ դարձավ ևս մեկ սերունդ․․․
10.05.2023
Տառաճանաչ դարձավ ևս մեկ սերունդ․․․

ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի 1ա՝ «Թիթեռներ» դասարանի համար այսօր տոն էր․ Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ նրանց «Հրաժեշտ այբբենարանին» միջոցառումը։

Փոքրիկների հրաժեշտի հանդեսն ու տառաճանաչության տոնին նվիրված բեմականացման իրադարձությունները ծավալվում էին անտառում և ծովում։

Կրտսեր աբովյանակններն ավետեցին գարնան գալուստն ու ընդգծեցին բնության գեղեցկությունը․ «Ի՜նչ ուրախ օր է, ի՜նչ պայծառ տրամադրություն։ Նորից բոլորս հագել ենք կանաչ ու ծաղկազարդ գգեստներ։ Մեր շուրջը պտտվում են թիթեռներն ու մեղուները։ Ամեն ինչ հրաշալի է»,-նշեցին նրանք։

Նույն կարծիքին չէին սակայն անտառային ծաղիկները, որոնք մտահոգ էին, թե շուտով կգան ժիր և ուրախ մանուկներն ու իրենցից փնջեր կկապեն․«Մի քանի օր էլ կապրենք ծաղկամաններում ու ամեն ինչ ավարտված է»,- տխրեցին նրանք։

Ծաղիկների կասկածներն անտեղի չէին․ եկան մանուկներն ու, որպես մայրիկի ծննդյան նվեր, որոշեցին հոտավետ և գեղեցիկ փունջ կազմել։ Անտառում փոքրիկները հանդիպեցին տարբեր ծաղիկների․ բոլորն էլ խնդրում էին խնայել իրենց և պատմում, թե ինչպես են իրենք մարդկանց պաշտպանում անձրևից ու արևից, նրանց տալիս քաղցր նեկտար։

Ինչպես սովորաբար լինում է հեքիաթներում, այս անգամ էլ եկավ բարի փերին և երեխաներին խորհուրդ տվեց խնայել բնությունը, վերցնել թուղթն ու գույնզգույն մատիտները և վառ լուսանկար պատկերել․ «Ինչպե՞ս այդ մասին չէինք մտածել․ չէ՞ որ մայրիկն էլ միշտ ասում է՝ ծառ ու ծաղիկ չպետք է փչացնել»,- սա էր առաջին դասը, որ սերտել էին փոքրիկները։

«Թիթեռներ»-ի մասնակցությամբ զուգահեռ իրականությունում վարպետները պատրաստում էին մի գեղեցիկ, սակայն անսովոր նավ, որտեղ, ինչպես հետո պարզվեց, գաղտնիք էր թաքնված․«Առագաստները չեն բացվի այնքան ժամանակ,մինչև․․․»։

Վարպետները բանալիներով փակեցին առագաստների կողպեքները․ կախարդական առագաստի բանալին գտնելը վստահված էր նավաստիներին։

Նրանք, շրջելով աշխարհի չորս կողմը, հանդիպեցին մի շարք արկածների, ապա իմաստունի որդիների՝ տառերի և նոտաների շնորհիվ բացահայտեցին գաղտնիքն ու գտան բանալիները։

«Այբուբեն չէ սա, բերդ է անմատույց, գանձ է աննվաճ, նախահիմքն է մեր, շողը մեր հույսի»,- ճամփորդության ավարտին նշեցին փոքրիկներն ու խոստացան անաղարտ պահել հայոց լեզուն և հայ գիրը։

Փոքրիկներն ուրախությամբ նկատեցին՝ տառաճանաչության ճանապարհին եղել են ուշադիր և հնարամիտ, չեն վախեցել դժվարություններից, օգնել են միմյանց և ուրիշներին, բերել են կախարդական բանալիները։ Բացելով առագաստները նրանք գտան «Գիտելիքներ» բառը։

«Միշտ հիշեք, ուր էլ գնաք, որտեղ էլ լինեք՝ հայի անունը բարձր պահեք, խոսեք գեղեցիկ և մաքուր հայերենով։ Սա բարդ գործընթաց էր, սակայն հաղթահարելով բոլոր դժվարությունները, այսօր դուք գրում և կարդում եք հայոց տառերով»,-նշեց դասվար Ռուզաննա Դավթյանը։

Վերջինս, ի դեպ ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրոս է․ խոստովանում է՝ մանկավարժի մասնագիտությունը դժվար է, սակայն երեխաներին կրթելու և դաստիարակելու առաքելությունը վեր է ամեն ինչից։

«Ձեր դասարանն իսկապես մի գեղեցիկ այգի է՝ հոտավետ ծաղիկներով»,-հանդեսի ավարտին նշեց ՀՊՄՀ N 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը՝ առաջին դասարանցիներին մաղթելով խաղաղ, անհոգ մանկություն և շատ գիտելիքներ։

Փոքրիկների տառաճանաչությամբ ոգևորված և հուզված էին նաև ներկաները։ Երեխաներից մեկի տատիկը՝ Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, բանաստեղծուհի Սոֆա Սարգսյանն ընդգծեց մանկավարժի մասնագիտության կարևորությունը, առաքելությունը, իսկ փոքրիկներին մաղթեց հավատարիմ մնալ մայրենիին։