«Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 29-ին կայացավ տեղեկատվական հերթական հանդիպումը։
Ձեռնարկի նպատակն էր ներկայացնել Էրազմուս Մունդուս Գործողությունների ծրագիրը․ ներկա էին մասնակից կրթական հաստատությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանից։
Հանդիպմանը Երևանի պետական համալսարանի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի համակարգող, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը ներկայացրեց «Էրազմուս Մունդուս Նախագծեր» ենթագործողությանը դիմելու պայմանները, կոնսորցիումի կառուցվածքը, ֆինանսավորման կարգը, նախագծերի ընտրության չափանիշները և այլ մանրամասներ։
Նկատենք, որ Մանկավարժական համալսարանն այս տարի պատրաստվում է դիմել «Էրազմուս Մունդուս Նախագծերի դիզայն» ծրագրին։
Մասնակիցները հնարավորություն ունենցան ծանոթանալ նաև «Developing Joint Master’s Degree Programme in European Studies: Law, Governance and Communication» (DEGES) նախագծի կառուցվածքին, մանրամասներին, գործընկերների կազմին, նմանատիպ նախագծերի մշակման առանձնահատկություններին և այլն։
Ի դեպ, DEGES-ը Էրազմուս Մունդուս Գործողությունների շրջանակներում ֆինանսավորված Հայաստանում դեռևս առաջին և միակ նախագիծն է։
Հիշեցնենք, որ Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանը ներգրավված է 3 նախագծում՝ «KPI4HE», «DESIRE», «T4GREEN»․ վերջինիս դեպքում նաև ծրագրի համակարգող է։