ՀՊՄՀ-ում անցկացվեցին տեղեկատվական հանդիպումներ՝ Էրազմուս+ ծրագրով իրականացվող «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» (T4GREEN) ծրագրի շրջանակներում։
T4GREEN նախագծի նպատակն է բարեփոխել ուսուցիչների կրթությունը Հայաստանում և Մոլդովայում՝ հնարավորություն տալով անցում կատարել ավանդականից ապագային ուղղված ուսումնական ծրագրերին և դասավանդման մեթոդներին՝ ազգային ընդհանուր կրթության նպատակներին հասնելու, կանաչ և թվային կրթությանն անցմանն աջակցելու համար։ Ծրագիրը համակարգում է Մանկավարժական համալսարանը։
Հանդիպումներ եղան Օտար լեզուների, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետներում, ինչպես նաև Ինֆորմատիկայի ամբիոնում։
Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանը, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն ու Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկանի Գիտության և միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Սուսաննա Մուրադյանը պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրին՝ ինչ է կանաչ և թվային կրթությունը, խոսեցին ծրագրի խնդիրների, ակնկալվող արդյունքների մասին։
Սուսաննա Մուրադյանը հանդիպման ընթացքում ընդգծեց, որ Հատուկ կրթության ֆակուլտետի ուսումնական պլաններում արդենիսկ կատարվել են վերանայումներ, փոփոխություններ Չեխիայի Մասարիկի համալսարանի նույն կրթական ծրագրի ուսումնական պլանի հետ բենչմարքինգի արդյունքների հիման վրա՝ ապահովելով ուսումնական ծրագրի կառուցվածքին համահունչ, ճկուն և միջառարկայական մոտեցումներ։
Բացի այդ, ընդհանուր կրեդիտները համապատասխանեցվել են եվրոպական բարձրագույն կրթության տարածքի չափանիշներին, ավելացել է ընտրովի առարկաների քանակը, լրացուցիչ միջառարկայական դասընթացները, նոր մուդուլները, բարելավվել են պրակտիկայի և տեղաշարժման բաղադրիչները։
Ռաիսա Ավետյանն էլ, խոսելով վերջնարդյունքների մասին, նշեց՝ կմշակվի «Մանկավարժական կրթության ազգային հայեցակարգ 2027-2035»-ը, հաշվի առնելով կանաչ և թվային անցման պահանջները՝ կվերանայվի 12 ծրագիր, դրանցից 2-ը կարճաժամկետ կրեդիտային ծրագիր՝ ԲՏՃՄ, օտար լեզվի, հատուկ և ներառական կրթության, ինչպես նաև ընդհանուր մանկավարժության ուղղությամբ։
Ծրագիրը կնպաստի նաև ազգային և ինստիտուցիոնալ վարչական աշխատողների, որոշում կայացնողների, ուսուցիչների և հետազոտողների կարողությունները զարգացնելուն, նախագծի արդյունքներն էլ հսկայական ազդեցություն կունենան Հայաստանի և Մոլդովայի ուսուցիչների կրթության վրա՝ նպաստելով ապագա սերունդների համար դպրոցներում ուսուցման և ուսումնառության որակի բարձրացմանը։
Բանախոսներն իրենց խոսքում նկատեցին՝ ծրագիրը, որ միտված է ԵՄ կանաչ ու թվային կրթության առաջնահերթություններին, կարևոր է կրթության մեջ կանաչ կարողությունների զարգացման ու կրթական ծրագրերում թվայնացման ինտեգրման տեսանկյունից նաև։
Ի դեպ, առաջիկայում նախատեսվում են ներամբիոնային քննարկումներ․ կներկայացվեն առաջարկություններ, դիտարկումներ՝ նոր բաղադրիչների վերաբերյալ։ Պիլոտային ծրագիրը կներդրվի հունվարին, իսկ արդենիսկ ներդրված ծրագրի լավարկված տարբերակը իր գործնական կիրառությունը կգտնի 2026 թվականին։
Նշենք, որ տեղեկատվական հանդիպումներ անցկացվել են նաև գործընկեր բուհերում՝ ԵՊՀ-ում, Շիրակի պետական համալսարանում, ինչպես նաև Քիշնևի Իոն Կրեանգայի անվան պետական մանկավարժական և Բալտիի Ալեկու Ռուսսոյի անվան պետական համալսարաններում։