Այսօր Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի նախաձեռնությամբ տեսահաղորդակցություն հաստատվեց չեռնոգորաբնակ սերբ անվանի դոկտոր, պրոֆեսորներ Ելիցա Ստոյանովիչի և Բուդիմիր Ալեքսիչի հետ:
Պրոֆեսոր Ելիցա Ստոյանովիչը դասավանդում է Նիկշիչի համալսարանի Բանասիրության ֆակուլտետում, իսկ պրոֆեսոր Բուդիմիր Ալեքսիչը Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում սերբերեն է դասավանդում Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներին:
Այսօր, Չեռնոգորիայի Հանրապետության պետական լեզուն չեռնոգորերենն է, թեև բնակչության 35 տոկոսն է խոսում այդ լեզվով, իսկ բնակչության մեծամասնությունը խոսում է սերբերեն:
Չեռնոգորիայի Հանրապետության կանոնադրությամբ սերբերն անգամ չեն վայելում իրենց իրավունքները և չեն ճանաչվում ազգային փոքրամասնություն:
Սերբերի համար այդ դժվարին պայմաններում աշխատող պրոֆեսորները ՀՊՄՀ-ի դասախոսներին և ապագա բանասերներին ներկայացրին սերբերեն լեզվի զարգացման ուղիները՝ սկսած 12-րդ դարից մինչև կիրիլատառ սերբալեզու առաջին գրքի հրատարակումը՝ ներառյալ Վուկ Կարաջիչի լեզվական բարեփոխումները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակական համագործակցության. տեսակապի միջոցով հաջորդ հանդիպմանը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը սերբական լսարանի առաջ հանդես կգա հինավուրց հայոց լեզվի, գրականության ու մշակույթի մասին դասախոսությամբ:
Հանդիպմանը մասնակցեց և երկլեզվյան թարգմանությունը Հայաստանում հայրերեն ուսումնասիրող սերբ ուսանողի հետ ապահովեց մեր երկրում Սերբիայի պատվո հյուպատոս, գրող, թարգմանիչ, «Կանթեղ»-ի մրցանակակիր Բաբկեն Սիմոնյանը: