Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանի և Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանի նախաձեռնությամբ կամզակերպվել էր հատուկ և ներառական կրթական հաստատությունների, վերականգնողական կենտրոնների, մանկատների տնօրենների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպում՝ քննարկելու բուհ-դպրոց համագործակցության ուժեղ և թույլ կողմերը, հանդես գալ առաջարկներով և պրակտիկայի բարելավմանն ուղղված դիտարկումներով:
Արմինե Ավագյանն ընդգծեց, որ բուհը մեծապես կարևորում է պրակտիկան և պատրաստվում է առաջիկայում լուրջ քայլեր ձեռնարկել դրա կատարոլագործման ուղղությամբ՝ մինչև անգամ պրակտիկայի նիշը ամփոփիչ ատեստավորման ընթացքում հիմնական և որոշիչ չափանիշ դարձնելով:
Դեկանը վստահ է՝ պրակտիկայի կազմակերպման ընթացքում էլ կան որոշակի բացթողումներ և խնդիրներ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ուսանողի՝ մասնագիտությունը սիրելու, նրանով հետագայում շարունակելու գործում:
«Պրակտիկան միայն ուսումնական ռեսուրս չէ, այն հնարավորությունների դաշտ է, որը պետք է լիարժեք օգտագործել»,-նշեց Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանն ու իր գոհունակությունը հայտնեց հատուկ կրթության ոլորտի հաստատությունների համախմբված աշխատանքի համար:
Տարբեր ժամանակներում բուհ-գործատու երկխոսության ընթացքում շարունակում է գերիշխել այն միտքը, որ բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունները չեն տալիս համապատասխան մասնագետներ և` հակառակը: Այս խնդրի վերաբերյալ կենտրոնի ղեկավարն առաջարկում է նման քննարկումները դարձնել հաճախակի, սերտացնել կապերն ու հանդես գալ գործնական առաջարկներով. «Տեսությունն առանց պրակտիկայի մեռած է, պրակտիկան առանց տեսության՝ կույր»:
Հատուկ դպրոցների տնօրեններն անդրադարձան պրակտիկայի ուժեղ և թույլ կողմերին, բացթողումներին, անդրադարձան ժամանակացույցի փոփոխություններին, պրակտիկան որպես ամփոփիչ ատեստավորման բաղադրիչ դարձնելու և որակի փոխադարձ փոփոխությունների մասին:
№100 հիմնական դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը բուհ-դպրոց-գործատու տեսանկյունից կարևորեց Մանկավարժականի հետ համագործակցությունն ու վստահեցրեց՝ տարբեր ֆակուլտետների հետ աշխատանքում շոշափելի է բուհի աջակցությունը և´ դպրոցին, և´ ուսանողին. «Պրակտիկանտ ուսանողների հիմնական մասը տիրապետում է տեսականին, սակայն դա քիչ է. անհրաժեշտ է մասնագիտության հանդեպ ջերմություն, երեխաների հանդեպ՝ բարություն և հոգատարություն»,-նշեց տնօրենն ու հավելեց, որ պրակտիկան վարող դպրոցները մեծ դեր ունեն ուսանողների մասնագիտական ճանապարհին՝ կամ կսիրեն և կնվիրվեն, կամ հետ կգան ընտրած ճանապարհից:
№180 հատուկ դպրոցի տնօրեն Լևոն Սարգսյանը ևս կիսում է գործընկերոջ ուսանողների՝ երեխաների ծնողների հետ աշխատելու հմտություններ չունենալու վերաբերյալ անհանգստությունն ու հավելում՝ հատուկ կարիքներով երեխաների ծնողներն առավել քան պահանջատեր են:
«Եթե կգտնեք, որ դպրոցը ձեզ օգտակար կլինի, անպայման դիմեք»,-տնօրենների վստահեցմամբ՝ իրենք այսպես են ընդունում և ճանապարհում պրակտիկա անցնող ուսանողների յուրաքանչյուր սերնդի, որոնք վաղը լինելու են իրենց փոխարինողները:
Քննարկմանը ներկա էին հատուկ և ներառական կրթական հաստատությունների, վերականգնողական կենտրոնների, մանկատների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։