ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տիգրան Ենգիբարյան
25.07.2022

Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ աշխարհագրականի 1-ին կուրսում անգլերեն լեզվով ներկայացրեցի աշխատանք Ավստրիայի Հանրապետության մասին․․․

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ

Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ աշխարհագրականի 1-ին կուրսում անգլերեն լեզվով ներկայացրեցի աշխատանք Ավստրիայի Հանրապետության մասին, չպատկերացնելով նույնիսկ, որ 2019-ի գարնանը կդառնամ մեր ամբիոնից այդ երկրում սովորելու հնարավորություն ունեցող առաջին երիտասարդներից մեկը: Երազանք, նպատակ, ձգտում, համարձակություն, ճանապարհ և հաղթանակ՝ հենց սա է հաջողության բանաձևը:

Ճանապարհն անցել եմ իմ ընկերոջ՝ աշխարհագետ Նարեկ Սահակյանի հետ, համատեղ հաղթահարելով անսպասելի ծագող խնդիրները, որոնք հետագայում պետք է մեզ դարձնեին ավելի հմուտ մասնագետ-ճանապարհորդներ: Մասնագիտական առումով Վիեննայի Բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանից [Universität für Bodenkultur - BOKU] ստացված կիրառական գիտելիքներն օգնել են հասնելու գիտական լուրջ ձեռքբերումների, դառնալ աշխարհագրության, լանդշաֆտային ճարտարագիտության և կայուն զբոսաշրջության այնպիսի մասնագետ, որն իսկապես պահանջված է ընթացիկ դարում: Ինքնին, գործընթացը խթանում է նաև հսկայական կենսափորձի ձեռքբերմանը՝ գործելու առավել ինքնուրույն, կարճ ժամանակահատվածում կայացնելու որոշումներ, որոնք ապագայի վրա կունենան երկարաժամկետ ազդեցություն, զգալ պետության դրոշ կրելու պատասխանատվությունը և իհարկե, ձեռք բերել ընկերներ, ովքեր խոսում են տարբեր լեզուներով:

Ձեռք բերած գիտելիքներս այսօր ներդնում եմ հաջորդ սերնդին հզորացնելու գործում՝ դասավանդելով Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ և Քեմբրիջի միջազգային [CIS Armenia] դպրոցներում: Անուշ Համբարձումյանի հետ հանդիսանալով «Աշխարհագետների գիտահետազոտական շարժման» համահիմնադիր, կարողացել ենք համախմբել շուրջ 3000 մասնագետների, իսկ 2021 թվականին ԿԳՄՍ նախարարության կողմից ճանաչվել եմ որպես տարվա լավագույն ուսուցիչ: Նաև ուսուցիչների վերապատրաստող եմ, հիմնադրել եմ “Geographic Index Armenia”-ն և «Գեղանիստ» էկո թիմը՝ փորձելով սահմանել նոր խոսք ու որակներ գիտական մտքի հանրայնացման և նախագծային ուսուցման բնագավառներում, մասնակից եմ բազմաթիվ միջազգային ծրագրերի, որոնց շնորհիվ հազարավոր երեխաներ ստանում են գիտելիք, գնահատում կրթության կարևորությունը և հավատում, որ ապագան սկսվում է այսօր: