Օտար լեզուների ֆակուլտետի և Գերմանական լեզուների ամբիոնի աջակցությամբ ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետ այցելեցին DAAD-ի Երևանյան գրասենյակի աշխատակիցներ Անգելա Ներենցը և Շուշան Թադևոսյանը:
DAAD-ը գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն է, որը Գերմանիայում ուսանելու և հետազոտելու համար կրթաթոշակներ է շնորհում ուսանողներին, շրջանավարտներին և հետազոտողներին: Այցելության նպատակն էր ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ծանոթացնել Գերմանիայում սովորելու հնարավորություններինն, ինչպես նաև DAAD-ի ծրագրերին: Ուսանողները դրանց կարող են դիմել «Ամառային դպրոց» ծրագրերին մասնակցելու, իսկ շրջանավարտները՝ իրենց ուսումը Գերմանիայում շարունակելու համար:
Անգելա Ներենցը և Շուշան Թադևոսյանը ներկայացրին նաև ասպիրանտներին, երիտասարդ և փորձառու գիտնականներին աջակցող բազմաթիվ ծրագրեր, որոնք կնպաստեն իրենց հետազոտությունները Գերմանիայի բուհերում անցկացնելու համար: Դրանց շրջանակներում հնարավություն է ընձեռվում նաև կապեր հաստատել գերմանական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հանդիպմանը ներկա էին ինչպես Օտար լեզուների ֆակուլտետի, այնպես էլ այլ ֆակուլտետների ուսանողներ, որոնք որպես օտար լեզու ուսանում են գերմաներենը:
Նշենք նաև, որ այս տարի գերմանական բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Հարությունյանը և Պատմության ֆակուլտետի IV-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Խաչատրյանը դարձել են DAAD-ի կրթաթոշակակիրներ և ընթացիկ տարում կմասնակցեն Գերմանիայում ամառային լեզվական կուրսերին: