Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոսական կազմն աշխատանքային այցով Ֆինլանդիայում էր՝ ծանոթանալու ֆիննական կրթական համակարգում ներդրված համընդհանուր ներառական կրթության մոդելի առանձնահատկություններին։
Պատվիրակության կազմում էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար, ՀՊՄՀ դոցենտ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության ոլորտը կարգավորող այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, ինչպես նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աշխատակիցներ։
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Մարիաննա Հարությունյանը նկատում է՝ ֆիննական կրթական համակարգն առանձնանում է ամբողջ աշխարհում․այստեղ ուսուցչի մասնագիտությունն ամենահարգվածն է։
Պրոռեկտորը կարծում է, որ ֆիննական կրթական համակարգի հաջողության հիմնական գաղտնիքն ուսուցչի կրթությունն ու որակավորումն է․ ամեն ինչ կառուցված է վստահության վրա․«Կրթական համակարգի կառավարիչները, դպրոցի տնօրենները վստահում են ուսուցիչներին, ուսուցիչները` սովորողներին, ծնողներին, և՝ հակառակը։ Ֆինլանդիայում կարևորվում է թիմային աշխատանքը․ ուսուցչական կազմի շրջանում փոխօգնությունն համարվում է աշխատանքի արդյունավետության հիմնական գրավականը»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Մարիաննա Հարությունյանն ու ընդգծեց՝ կուզեր, որ մեր երկրում ևս նման վերաբերմունք ձևավորվի հայ ուսուցչի նկատմամբ․այդ գործում Մանկավարժական համալսարանի դերն ավելի քան պարտավորեցնող է։
Մարիաննա Հարությունյանը կարևորեց այն, որ ֆիննական կրթական համակարգն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում «կրթության որակ»-ին և «կրթության իրավունքին բոլորի համար»։ Նշում է՝ յուրաքանչյուր ոք ունի կրթական իր նպատակները, որը պետք է հստակ սահմանել և հարգել։
Այցի շրջանակններում հայկական պատվիրակությունը Հելսինկիում հյուրընկալվեց Ֆինլանդիայի կրթության և մշակույթի նախարարությունում, հանդիպեց կրթության փոխնախարարին։
Քննարկվեցին ոլորտային կարևոր հարցեր․պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ՝ ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտներում։ Կողմերը հույս հայտնեցին, որ այցելությունը հնարավորություն կտան քննարկել հետագա անելիքները ՀՀ համընդհանուր ներառական կրթության համատեքստում և հնարավորինս ամուր քայլերով առաջ գնալ՝ ապահովելով յուրաքանչյուրի կրթական իրավունքը մեր երկրում։
Նշենք, որ այցելությունը կազմակերպել և ամբողջությամբ ֆինանսավորել է համալսարանի գործընկեր՝ ԱՄՆ Պերկինս միջազգային կազմակերպությունը։