Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանում էր Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Օլգա Մաչեխինան։
Մանկավարժական գիտությունների դոկտորն Արտասահմանյան գրականության, Ռուսաց լեզվի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնների դասախոսների և ուսանողների համար անցկացրեց «Գրականական մեդիածրագրավորումը որպես մշակութային կոդավորման նորագույն գործիք» թեմայով սեմինար։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ գրականական մեդիածրագրավորման սերտիֆիկացված տեխնոլոգիաներին, մշակութային կոդավորմանը, համեմատել կրթական տեխնոլոգիաների գործիքակազմը համամարդկային արժեքների հետ։
Ի դեպ, Օլգա Մաչեխինան նաև «Ընթերցանության երկիր» հայտնի մրցույթի կազմակերպիչներից է։
«Սեմինարի թեման նորույթ էր. նորարական դասեր անցկացնելու առումով այն հետաքրքիր էր թե՛ բուհի դասախոսների, թե՛ դպրոցների ուսուցիչների համար: Սեմինարին հաջորդեց նաև կլոր սեղան-քննարկում․ եղավ երկխոսություն, բանավեճ։ Դասախոսները հնարավորություն ունեցան փոխանակվել իրենց փորձով․ այսօր ձեռք բերած նորույթներն անպայման կկիրառենք դասապրոցեսում ևս»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Ռուսաց լեզվի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը։
Վերջինս սեմինարն արդյունավետ համարեց նաև այն առումով, որ դրա ընթացքում ռուս պրոֆեսորը ներկայացրեց ոչ միայն մեդիանախագծային աշխատանքի կազմակերպումը, այլև դրա փոխկապակցումը մշակույթին, ինչը կարևոր է օտար լեզվի դասավանդման գործընթացում։