ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծովը հայրենիք չունի
25.04.2017
Ծովը հայրենիք չունի

Վերջերս  լույս է տեսել  գեղարվեստական, պատմամշակութային և փաստագրական մեծածավալ նյութ պարունակող արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արա Հակոբյանի «Հայազգի ծովանկարիչները» ուսումնասիրությունը:

Գրքի  խմբագիրներ են  ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչներ, պրոֆեսորներ Ռուբեն Միրզախանյանն ու  Վիգեն Ղազարյանը:  Առաջին անգամ փաստական նյութի լայն ընդգրկմամբ հանգամանորեն ներկայացվում է հայազգի ծովանկարիչների և ծովանկարին անդրադարձած արվեստագետների փորձություններով լի, բայց և նշանակալից իրադարձություններով, հիշարժան դեպքերով ու երջանիկ հանդիպումներով հագեցած կենսագրությունը:

Նրանց կտավներում  հատկապես կարևորվում են  ժանրա-թեմատիկ բովանդակության արտացոլված, ազգային մտածողության, գունային անհատական ընկալումների, տեխնիկական յուրահատուկ կատարումների հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք դիտարկվում են նկարիչների վրձնած ծովապատկերների օրինակներով, դրանց մանրախույզ քննությամբ:

Երկարամյա հետազոտությունների և պրպտումների արդյունք  հանդիսացող մեծածավալ աշխատությունը էապես խորացնում է ազգային բնանկարի մասին պատկերացումները:

Նյութը դիտարկված ու  լուսաբանված է տարբեր կողմերից, պատմամշակութային լայն համատեքստում. գիտական շրջանառության մեջ են դրվել մինչ այժմ անհայտ անուններ, ստեղծագործություններ, բացահայտվել և մատնանշվել են հայ ծովանկարչության առավել բնորոշ  ուրույն գծերը:

«Ազգայինի հատկանիշները պետք չէ փնտրել սոսկ սյուժեներում. Գաղտնիքը՝ արվեստագետի խառնվածքի, ստեղծագործական աշխատանքի մեթոդաբանության մեջ է: Արժևորելով յուրաքանչյուրի ներդրումը՝ հարկավոր է  նկատի ունենալ, որ նկարչական ոչ մի դպրոց, ոչ մի անհատ նկարիչ չի կարող զարգանալ աշխարհից կտրված, հատկապես 20-րդ դարում վիթխարի չափերի հասած բազմակողմանի առնչությունների պայմաններում»,- նշում է Արա Հակոբյանը: