Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր ընդունել է Եվրոմիության, կրթության և մշակույթի Բրյուսելյան գործադիր գործակալության ծրագրերի պատասխանատու Բելեն Էնկիսոյին, Էրազմուս+ ծրագրի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովային և նույն գրասենյակի մասնագետ Էդիթ Սողոմոնյանին:
Ռեկտորն իր գոհունակությունը հայտնեց ծրագրի համակարգումը Մանկավարժական համալսարանին վստահելու համար և ընդգծեց, որ բուհը ծայրաստիճան կարևորում է ծրագրի բովանդակությունը:
Նա նշեց, որ բուհական համակարգի, մասնավորապես՝ ՀՊՄՀ-ի զարգացման համար կա երկու կարևոր հանգամանք՝ հաստատությունը հետազոտական ինստիտուտ դարձնելն ու բուհերի միջազգայնացումը, որը բարձրագույն կրթության զարգացման գերխնդիրն է:
«Ծրագիրն արդիական է և հետաքրքրություն է ներկայացնում մեր երկրի ողջ կրթական համակարգի համար: Մեր բուհն այդ ուղղությամբ որոշակի հաջողություններ և առաջընթաց ունի. միջազգայնացման ուղղությամբ եղել են որոշ ծրագրեր, որոնց համակարգողը ևս եղել է Մանկավարժական համալսարանը»,-նշեց ռեկտորն ու հավելեց, որ առաջնորդվելով ձեռքբերումներն ավելացնելու սկզբունքով՝ բուհը կարևորում է ծրագրի շրջանակներում ընդհանուր հարթակի ստեղծումը, կոնֆերանսների անցկացումը, որոնց ընթացքում ձեռք են բերվում կոնկրետ պայմանավորվածություններ և ձեռնարկվում գործնական քայլեր:
Խոսելով միջազգային ծրագրի համակարգող լինելու փորձից՝ ռեկտորն առանձնացրեց արդյունքները, մասնավորապես՝ մագիստրոսական կրթության համակարգում Կրթության կառավարում մասնագիտության ներդրումը:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և կարևորեցին ՀՊՄՀ-ի մասնակցությունը միջազգային տարբեր ծրագրերին: Հայաստանում Էրազմուս + ծրագրի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ևս բարձր գնահատելով Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը՝ հույս հայտնեց՝ համագործակցության այն ցանցը, որ ակնկալվում է ստեղծել, կլինի արդյունավետ:
Բելեն Էնկիսոնն ընդգծեց, որ Հայաստանից շատ են ծրագրին դիմողները և հավելեց՝ Մանկավարժական համալսարանը լուրջ է մոտենում, ինչով պայմանավորված էլ նա ծրագրի հաջող համակարգողն է. «Հաշվի առնելով ՀՊՄՀ-ի կառուցողական մոտեցումն ու արդյունավետ համակարգումը՝ կխրախուսեինք, որ դիմեիք նաև այլ համանման ծրագրերի: Մանկավարժական համալսարանի մասնակցությունն ու ծրագրերի համակարգումը հիանալի և հաջողված փորձ է»,-հավելեց Բելեն Էնկիսոնը:
Ավարտին ռեկտորը վստահեցրեց, որ բուհը լավատեսորեն է տրամադրված՝ ելնելով նախորդ ծրագրերի հաջողություններից: