ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Թվային եռաչափ տեխնոլոգիաները՝ դասապրոցեսում
29.11.2021
Թվային եռաչափ տեխնոլոգիաները՝ դասապրոցեսում

Այսօր ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում հյուրընկալվել էին «Լրացված իրականություն» և «Վիրտուալ իրականություն» տեխնոլոգիաների վրա հիմնված հավելվածների և խաղերի ստեծմամբ զբաղվող ARLOOPA Inc.-ը  ներկայացուցիչները:

AR LOOPA անվճար հավելվածը բազմաֆունկցիոնալ հավելված է՝ հասանելի 10 լեզվով, որը կիրառվում է երեք տարբեր տեխնոլոգիաների միջոցով՝ մարկերով, առանց մարկերի, լոկացիայով:

Նախագծի հեղինակ Արմինե Ղազարյանը և հաճախորդների սպասարկման մասնագետ Արուսիկ Դադիյանը բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրին մատուցվող ծառայությունները, վիրտուալ իրականության հավելվածների և խաղերի ստեղծման գործընթացը, 2D և 3D բովանդակության ստեղծման մասին մանրամասներ, ինչպես նաև նոր հավելվածի միջոցով ուսումնական գործընթացը ինտերակտիվ միջավայրում ներգրավելու հնարավորությունները:

Վերջիններս նկատում են՝ ժամանակակից տեխնոլոգիաների դարում միայն կարդալը բավարար չէ ուսումնական նյութը յուրացնելու համար. անհրաժեշտ է ժամանակին համընթաց ինտեգրվել թվային աշխարհին՝ օգտագործելով նրա ընձեռած հնարավորությունները:

«Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ուսանողների համար առավել մատչելի, հետաքրքիր ու գրավիչ կդառնա ուսումնական այս կամ այն առարկան  և  դասանյութերը յուրացնելը: Հավելվածը հնարավորություն կտա դասերն անցկացնել եռաչափ թվային տարբերակով՝ դասագրքերը հավելելով թվային բովանդակությամբ: Ուսանողը կկարողանա ոչ միայն կարդալ, այլև ներգրավվել ինտերակտիվ միջավայրում»,-նշեց նախագծի հեղինակ Արմինե Ղազարյանն ու հավելեց՝ թվային եռաչափ տեխնոլոգիաները կարող են կիրառվել ինչպես անիմացիաների, այնպես էլ տեսահոլովակների միջոցով:

Հանդիպման նախաձեռնող, Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Վարդուհի Հովհաննիսյանը նույնպես վստահ է` հավելվածը թույլ կտա գործնական սեմինարների և դասախոսությունների ընթացքում լայնորեն  կիրառել նորագույն տեխնոլոգիանները:

Հավելվածի հնարավորություններն ու առաջին փորձը կիրառել են դեռևս նախորդ շաբաթ. «Երկրաբանության գեոդինամիկ պրոցեսները» դասի ընթացքում «Հրաբուխներ» թեման  ուսումնասիրելիս ստացել են գործող հրաբխի 3D մոդել, իսկ դինոզավրերը լսարանում «շրջեցին» հնեաշխարհագրության, կենսաաշխարհագրության  դասընթացի  շրջանականերում.«ARLOOPA Inc.-ը արդեն իսկ առաջարկել է Մանկավարժական համալսարանի  տարածքում 50 մետր շառավղով տեղադրել կետեր՝ հավելվածի քարտեզն առավել հասանելի դարձնելու համար: Այն հնարավորություն կտա, որ ուսանողը պասիվ դիտորդից ներգրավվի և ինքնուրույն ստեղծի 3D բովանդակությամբ նյութեր»:

«AR LOOPA-ն իրականության լրացման հավելված է, որը հնարավորություն է տալիս մեր ունեցած արժեկրթական  նյութերը հավելել նորագույն ինֆորմացիայով, ստեղծել ինտերակտիվ հետաքրքիր կոնտենտ»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց  հաճախորդների սպասարկման մասնագետ Արուսիկ Դադիյանը:

Վերջինս նկատում է՝  հավելվածն այս պահին 3 ու կես միլիոն ներբեռնումներ ունի ամբողջ աշխարհում, մանավորապես՝ Հնդկաստանի, Նոր Զելանդիայի և այլ երկրների դպրոցներում.«Սա գործիք է, որը թույլ է տալիս ծրագրավորման գիտելիքներ չունեցող  ցանկացած մարդու ինքնուրույն ստեղծել կոնտեկտ: Կրեատիվ մտքի թռիչք ունեցող ուսուցիչը կարող է ստեղծել ծրագիր և այն օգտագործել իր դասերի ընթացքում. կլինի յուրատեսակ և միայն իրենը»,-հավելեց ARLOOPA Inc.-ը  ներկայացուցիչը: