ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական ցուցահանդես՝ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում
04.02.2022
Ուսանողական ցուցահանդես՝ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում այսօր կայացավ ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Ձեռնարկը բուհի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներից է, որի մեկնարկը տրվել էր Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 դպրոցում և շարունակվում է մայրաքաղաքի այլ դպրոցներում ևս:

Բուհի ղեկավարությանը, դասախոսական կազմին և ուսանողներին դպրոցում ընդունեցին մեծ ոգևորությամբ.այստեղ ևս դասավանդողներից շատերը նախկին աբովյանականներ են:

Եվս մեկ անգամ կարևորելով բուհ-դպրոց համագործակցությունը՝ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը ներկայացրեց մեկդարյա տարեգրություն ունեցող Մանկավարժական համալսարանը և ընդգծեց՝ սովորողներին գիտելիք, անձնային որակներ ու արժեքներ փոխանցող ուսուցիչներից շատերը հենց այս կառույցի  շրջանավարտներն են:

«Ցուցադրված աշխատանքների հեղինակների շարքում, գուցե, հանդիպեք նաև ձեր ուսուցիչների ու ծնողների անունները, որոնք ավարտել են Մանկավարժական համալսարանը:   Բուհի հիմնադրմանը  նվիրված այս խորհրդանշական ցուցահանդեսում ներկայացված են  ինչպես ներկայիս ուսանողների, այնպես էլ տարբեր տարիների շրջանավարտների  աշխատանքներ»,- նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը:

Վերջինս նկատեց՝ ձեռնարկը բուհ-դպրոց կապի լավագույն դրսևորումներից է և հույս հայտնեց, որ ապագայում սովորողներից  ոմանք կընտրեն այն ֆակուլտետը, որի սաների լավագույն աշխատանքներն այսօր զարդարում են  իրենց կրթահամալիրը:

Ի դեպ, այցի ընթացքում ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության ուսանողներն իրենց պատրաստած Ա տառի թռչնագրերով և ՀՊՄՀ-100 նշումով էջանիշներ նվիրեցին դպրոցականներին. վերջիններս դրանք գունազարդեցին իրենց նախընտրած գույներով՝ պահելով որպես օրվա մասին հիշեցնող գեղեցիկ հուշ:

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժաննա Խաչատրյանի ուսանողների ստեղծագործական աշխատանքները ցուցահանդեսից  ցուցահանդես համալրվում են նորերով:

Այս անգամ ներկայացված էր 80-ից ավելի՝ տարբեր մեթոդներով արված ծեփակերտ, գեղանկարչական և գծանկարչական, դեկորատիվ աշխատանքներ, որոնք մինչ հաջորդ ցուցահանդեսը կզարդարեն կրթահամալիրը:

Մանկավարժական համալսարանի ուսանողները վստահ են՝ ցուցահանդեսը ծառայում է  իր նպատակին և  օգնում դպրոցականներին ավելի մոտ լինել արվեստին:

ՀՊՄՀ դասախոսները շրջեցին «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում. մանկավարժները, դասավանդողների հետ զրուցեցին կրթության, դպրոցի խնդիրների մասին, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները:

Միջոցառումն ուղեկցվեց դպրոցականների գեղարվեստական կատարումներով: