ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ուսանողական գարուն»-ը՝ ՀՊՄՀ-ականների օբյեկտիվում
12.05.2023
«Ուսանողական գարուն»-ը՝ ՀՊՄՀ-ականների օբյեկտիվում

Մոսկվայի տանը բացվեց ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոսների, գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների, շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը։

«Ուսանողական գարուն» լուսանկարչական ցուցանադեսում ներկայացված էր 30 ստեղծագործողի շուրջ 100 աշխատանք՝ բազմաժանր, ինքնատիպ ու հետաքրքիր գործեր։

«Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը կարևորեց ՀՊՄՀ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող հերթական մշակութային ձեռնարկը։

Ընդգծում է՝ վերջին տարիներին բուհի հետ տարբեր ոլորտներում ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ․ առաջիկայում ևս նախանշված են նոր նախագծեր․ «Ներկայացված լուսանկարներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը։ Ուրախ ենք, որ Մոսկվայի տան միջոցով հնարավոր եղավ հանրահռչակել այդ գործերը։ Ձեռնարկը նաև հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին է վկայում․ ներկայացված աշխատանքերում կան Ռուսաստանն ու ռուսական մշակույթը պատկերող կադրեր»,- նշեց Վահրամ Կարապետյանը։

Նա հույս հայտնեց, որ լուսանկարչության ոլորտում ուսանողների հաջողությունները կբազմապատկվեն․ նրանք կդառնան այդ արվեստի դեսպաններն աշխարհի տարբեր անկյուններում։

ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման և աջակացության համար։ Ցուցահանդեսի վայրի ընտրությունը պատահական չի համարում․ «Մոկսվայի տունը» տարիներ շարունակ, ամենատարբեր ձեռնարկներով ամրացնում է երկու ժողովուրդների բարեկամության հիմքերը։

Պրոռեկտորը տպավորված է նաև ներկայացված լուսանկարչական աշխատանքներով․ վստահ է՝ արվեստասեր հանրությունը կգնահատի հեղինակների ստեղծագործությունները, որոնք կնպաստեն բարոյական, դաստիարակչական և գեղագիտական ճաշակի ձևավորմանը։

ՀՊՄՀ պրոֆեսորի պաշտոնակատար, անվանի լուսանկարիչ Սամվել Սևադան էլ հավելում է՝ լավ ավանդույթ է դարձել նման ցուցահանդեսների կազմակերպումը։ Դրանք բացահայտում են մասնագիտական հմտությունները, իսկ ներկաներին հնարավորություն տալիս արվեստի շուրջ տարբեր զրույցների միջոցով ձևավորել մշակութային բարձր արժեքներ։

Սամվել Սևադան կարծում է, որ մեր շրջապատում շատ են լուսանկարելու թեմաները․ միայն թե պետք է տեսնել և գեղագիտորեն ներկայացնել դրանք։