Բանասիրական ֆակուլտետում կայացավ ուսանողական գիտական կոնֆերանս, որին մասնկացում էին ինչպես Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների և այլ բուհերի ուսանողներ, այնպես էլ զեկույցով հանդես եկավ Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքի Սուրբ Պետրոս ճեմարանի ուսանող Մատյա Մինիչը՝ տեսակապի միջոցով:
Իրենց զեկույցներում ուսանողները շեշտադրել էին հայոց լեզվի և գրականության դասաժամին նոր մեթոդների կիրառումը. դրանք նախապես կիրառվել են պրակտիկայի ընթացքում կամ բուհում, ապա մշակվելով ղեկավարի աջակցությամբ՝ ներկայացվել կոնֆերանսի: Զեկույցներում տեղ էին գտել տարրական դասարաններում հնչյունաբանական տարրական գիտելիքների, իսկ հիմնական դպրոցում՝ հատուկ անունների ուսումնասիրման, արձակ ստեղծագործությունների ուսուցման, ինչպես նաև գրականության դասաժամերին տարբեր հեղինակների ստեղծագործությունների դասավանդման առանձնահատկությունները:
ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց արդեն ավանդույթ դարձած ուսանողական գիտական ձեռնարկները և ուրախությամբ նկատեց, որ դրանք կատարելագործվում են՝ միջֆակուլտետային ձևաչափից անցնելով միջբուհականի: Պրոռեկտորը վստահեցրեց, որ կոնֆերանսների անցկացման չափանիշներին համապատասխանող զեկույցները ուսանողները կզարգացնեն և կներկայացնեն գիտական առավել լայն հարթակներում:
Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը նշեց, որ ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցում կոնֆերանսներին և ցանկություն կա այն դարձնել ամենամյա՝ ամփոփելու ուսանողների գիտական նվաճումները:
«Ուսանողների համար սա լուրջ հարթակ է, որտեղից էլ սկիզբ է առնում գիտելիքները հետագայում զարգացնելու, գիտական նվաճումներ ունենալու ձգտումը»,- old.aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց դեկանն ու հավելեց, որ ապագա բանասերները հաճախ են հանդես գալիս դասերի անցկացման նոր մեթոդներով. մեթոդիստների հետ համատեղ քննարկումների արդյունքում բացահայտվում են դրանց ուժեղ և թույլ կողմերը, հավանության արժանանալու դեպքում՝ ներմուծվում դասապրոցես: