ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական գիտաժողով՝ «Հունգարիան և Հայաստանը խորհրդային շրջանում» թեմայով
30.07.2025

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հունգարիայի լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնը հրավիրում է մասնակցելու Հունգարիան և Հայաստանը խորհրդային շրջանում» թեմայով գիտաժողովի, որը տեղի կունենա 2025թ․ հոկտեմբերի 21–22-ը, ՀՊՄՀ-ում։ Այն կանցկացվի անգլերեն, հայերեն, հունգարերեն կամ ռուսերեն (անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել թարգմանչական աջակցություն)։

Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ․ սեպտեմբերի 20-ը, իսկ ընդունման ծանուցում՝ 2025թ․ սեպտեմբերի 30-ը։

Գիտաժողովը նվիրված է խորհրդային ժամանակաշրջանում Հունգարիայի և Հայաստանի բազմազան ու բարդ պատմական փորձառությունների ուսումնասիրությանը։ Այն հնարավորություն է տալիս բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին ներկայացնել իրենց հեղինակային հետազոտությունները՝ անդրադառնալով այս երկու երկրների խորհրդային ժամանակաշրջանի ընդհանուր և/կամ փոխկապակցված պատմություններին։

Գիտաժողովն անցկացվում է 1956թ․ հոկտեմբերի 23-ի հունգարական հեղափոխության հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Այն նպատակ ունի խթանել երկխոսությունը ընդհանուր պատմական փորձառությունների շուրջ և ամրապնդել փոխըմբռնումը Հունգարիայի և Հայաստանի միջև՝ գիտական և մշակութային դիտարկումների միջոցով։

 

Գիտաժողովին ներկայացվող թեմաները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝

  • Խորհրդայնացման գործընթացները․ քաղաքականություն, կրթություն և մշակույթ
  • Պետական հսկողություն, ճնշումներ և քաղաքական վերահսկողություն
  • Ազգայնականությունը, ինքնությունը և ընդդիմությունը խորհրդային շրջանում
  • Ամենօրյա կյանքն ու սոցիալական փոփոխությունները սոցիալիզմի պայմաններում
  • Հիշողության քաղաքականություն և խորհրդային շրջանի ժառանգություն
  • Մշակութային և ինտելեկտուալ փոխակերպումները Արևելյան բլոկում
  • Կրոնը և ազգային փոքրամասնությունների ինքնությունը սոցիալիստական Հունգարիայում և Հայաստանում
  • Երիտասարդական շարժումներ և հասարակական փոփոխություններ
  • Հայ-հունգարական հարաբերություններ

 

Զեկույցների ներկայացման պահանջներն են՝

  • Զեկույցի ամփոփագրերը պետք է լինեն 300–400 բառ, ընդգրկեն հետազոտական հարցադրումը, մեթոդաբանությունը և հիմնական թեզերը։
  • Զեկույցում պետք է անպայման նշված լինեն դիմողի անունը, կրթական հաստատության անվանումը, ուսման տարին և կոնտակտային տվյալները։
  • Զեկույցի ներկայացումը պետք է տևի առավելագույնը 15 րոպե, որից հետո կանցկացվի քննարկում։
  • Զեկույցները կարող են գրվել և ներկայացվել անգլերեն, հայերեն, հունգարերեն կամ ռուսերեն։

 

Գիտաժողովի ավարտին մասնակիցներին կհանձնվեն վկայականներ։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeXC8N9tUFdrG0FjLeasDUNBUfdsRlngxqdb3Ti4lsb9qQChA/viewform?usp=header

Նորություններ