ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի 100- ամյակին
20.05.2024
Ուսանողական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի 100- ամյակին

Մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը 100 տարեկան է․ ՀՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն օրերս գրողի տուն-թանգարանում կազմակերպել էր ուսանողական գիտական նստաշրջան։ Գիտական ձեռնարկն անցկացվեց հանրապետության գիտական և ուսումնական հաստատությունների հետ նոյեմբերին սպասվող մեծ գիտաժողովից առաջ։

Ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի առաջնորդությամբ ֆակուլտետի դասախոսական կազմը, ուսանողներն ու Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ներկայացուցիչները եղան Զանգակատանը։ Նրանք նախ կանգ առան վթարի վայրում կանգնեցված հուշաքարի առջև, ապա ծաղիկներ խոնարհեցին բանաստեղծի շիրմին:

Բացման խոսքով հանդես եկավ Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանն ու նշեց՝ հարյուրամյակի առթիվ կազմակերպվող բազմաբնույթ այս միջոցառումների ծիրում անչափ կարևոր են գիտական անդրադարձները․Սևակի պոեզիան դեռ շատ չբացահայտված կողմեր ունի․« Կարևոր է, որ ուսանողությունը ևս ներգրավված է այս աշխատանքներում։ Հիշարժան է նաև, որ Սևակին նորովի պիտի բացահայտենք հենց Սևակի հարկի տակ, նրա տանը, ուր մշտապես զգում ենք բանաստեղծի ներկայությունը»,- նկատեց Սևակ Ղազարյանը:

««Մարդը ափի մեջ» ժողովածուն», «Արվեստագետ՝ ըստ Պարույր Սևակի», «Պարույր Սևակի գրական «մուտքը», «Հայոց լեզվի ձոնը սևակյան տողերում»․ հետաքրքիր և բազմաբովանդակ զեկույցներով հանդես եկան ՀՊՄՀ մագիստրոսներ Արևիկ Գոմցյանը, Տաթև Թամրազյանը, Անուշ Կիրակոսյանը, Աննա Կյուրեղյանը։

Զեկուցողներն իրենց և ներկաների համար նորովի բացահայտեցին սևակյան պոեզիայի յուրահատկությունը՝ ընդգծելով իրեն «բանաստեղծության օրենսդիր» հռչակած պոետի ծանրակշիռ ու նորարար դերը հայ գրականության մեջ:

Հայտնի է, որ Պ. Սևակի գրչի ուժը դրսևորվել է նաև երաժշտական ասպարեզում․ մի շարք երգեր գրվել են Պարույր Սևակի բառերով: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող Տիգրան Շահինյանն ու Անի Սարգսյանը կատարեցին «Էրեբունի-Երևան», «Սարդարապատ», ինչպես նաև Պ. Սևակի հիշատակին նվիրված Գուսան Շահենի «Անցա գնացի» երգերը:

Ներկաներին ողջունեց նաև միջոցառման համակազմակերպիչ, կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանն ու հակիրճ անդրադարձավ Պարույր Սևակ-Էդգար Հովհաննիսյան ստեղծագործական կապերին։

Բանախոսը վերհիշեց նաև, թե ինչպես է առաջին անգամ ոտք դրել Պ. Սևակի տուն-թանգարան՝ սիրելի դասախոս, հոգևոր երաժշտության գիտակ Խորեն Պալյանի ուղեկցությամբ և ընդգծեց, որ նման հանդիպումները ոչ միայն ուսուցողական են, այլև ավելի տպավորիչ և անմոռաց։

«Պ. Սևակի տուն-թանգարանը բոլորինն է. այն նախևառաջ պոեզիայի տուն է, որտեղ «անմահ» բանաստեղծը շարունակում է «հրամայել» և համախմբել սերունդներին»,- նշեց ՀՊՄՀ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ու շնորհակալություն հայտնեց Սևակ Ղազարյանին ջերմ ընդունելության համար։

Պրոֆեսոր Դանիելյանը խոսեց Պարույր Սևակ պոետի մասին, որը ոչ միայն «անբանաստեղծական բանաստեղծությունը» հռչակեց իբրև գրական դավանանք, այլև դարձավ հայ գրականության անդաստանում ակոսներ բացող, «փուչ ու ճռճռան» բառերի դեմ պայքարի դուրս ելած և «ճշմարիտ բանաստեղծության» ժամանակն ազդարարող արվեստագետը:

«Սևակասիրությունը խանգարում է մեզ մոտենալու սևակագիտությանը»,- նկատեց պրոֆեսորն ու դիմելով ապագա մանկավարժ-գիտնականներին հավելեց՝ սևակյան պոեզիան հասկանալու միակ ուղին իմացականությունն է․ուստի հենց այդ սկզբունքով պիտի մոտենանք Սևակին և զբաղվենք սևակագիտությամբ: